Մատչելիության հղումներ

Քարոզարշավում ընտրական օրենսգրքի խախտումներ թույլ չենք տալու. Սուրեն Պապիկյան


Երկուշաբթի օրը մեկնարկող 12-օրյա քարոզարշավից առաջ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը արձակուրդ է վերցրել, իր օրինակին հետևող նախարարի պաշտոնակատարներ կարծում է՝ էլի կլինեն:

«Քարոզարշավում ընտրական օրենսգրքի խախտումներ թույլ չենք տալու», - «Ազատության» հետ զրույցում այսօր հավաստիացրեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարող Պապիկյանը։

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն է «Ազատության» հետ զրույցում ասել է՝ վարչական ռեսուրսի չարաշահումը բացառելու նկատառումներով երկուշաբթի օրվանից արձակուրդում կլինի։

Նիկոլ Փաշինյանից բացի «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկված են նաև կառավարության 10 այլ անդամներ ՝ փոխվարչապետերի երկու, նախարարների ութ պաշտոնակատարներ։

«Չենք ունենա նախարար, որ կլինի իր պաշտոնական գործունեության մեջ ու կզբաղվի քարոզարշավով։ Ամսի 26-ի դրությամբ բոլոր պաշտոնյաները, ովքեր պատգամավորության թեկնածու են, նրանց, ումը կարգավորվում է հանրային ծառայությունների մասին օրենքով, ավտոմատ հարգելի է դառնում նրանց քարոզարշավին մասնակցելը, իսկ մյուսները բնականաբար կգնան արձակուրդ։ Ես արդեն, օրինակ, արձակուրդում եմ», - ասաց Պապիկյանը։

10 օր առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Մանե Թանդիլյանը կնախընտրեր, որ կառավարության անդամ իր նախկին գործընկերները ևս հետևեին իր օրինակին։ Թանդիլյանն Ազգային ժողովի ընտրություններին կմասնակցի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Ասաց՝ հրաժարականի դիմում է գրել՝ իր ղեկավարած կառույցի աշխատակիցների վրա ազդեցությունը բացառելու համար: Արձակուրդ գնալով, կարծում է, չեն դադարում լինել պաշտոնյա:

«Ենթադրենք կառավարության բոլոր նախարարները հրաժարական տային և սա էլ անհասկանալի իրավիճակ կլիներ, բայց, այնուամենայնիվ, գոնե նրանք, ովքեր առաջադրված են, իհարկե, կարող են սահմանազատել։ Հավասար պայմաններ կստեղծվեր բոլոր քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների համար։ Մեր քաղաքացիների հոգեբանությունը հասկանալով, այո, այդ պարագայում տեսնում եմ նրանց ընկալումը տվյալ գործչին շարունակում է լինել որպես նախարար», - նշեց Թանդիլյանը։

Թանդիլյանի մտահոգությունները հասկանալի չեն տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սուրեն Պապիկյանի համար։ - «Կարծում եմ, որ արձակուրդ գնալն էլ ոչ մի խնդիր չի առաջացնում։ Հիմա եթե ես արձակուրդում եմ ու ոչ մի առընչություն չունեմ նախարարության, ոչ էլ տարածքային կառավարման մարմինների հետ, ի՞նչ խնդիր կա», - ընդգծեց Պապիկյանը։

Ընտրական օրենսգիրքը պաշտոնյաների համար նախընտրական քարոզչության ժամանակ սահմանափակումներ է նախատեսել: Հանրային ծառայող պատգամավորի թեկնածուներին պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս արգելվում է ընտրություններին մասնակցող կուսակցությանը, թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչեր հնչեցնելը: Արգելվում է նաև նախընտրական քարոզչության նպատակով օգտագործել ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները: Բացառություն է արված մի քանի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի համար, որի նկատմամբ՝ որպես պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց, կիրառվում են անվտանգության հատուկ միջոցառումներ։

Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը «Անկախ դիտորդ»-ի կազմում առաջիկա ընտրություններում նաև երկարաժամկետ դիտորդական առաքելություն կիրականացնի։

Ընտրական օրենսգրքի պահանջները պաշտոնյա թեկնածուներից, ըստ Իոաննիսյանի, հստակ են. - «Չպետք է չարաշահեն պաշտոնական դիրքից ելնող իրենց առավելությունները։ Այս առումով, օրինակի համար, խնդրահարույց կլինի, եթե վարչապետը ունենա ելույթ, որտեղ խառնի, ինչպես Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղավ, ինստիտուցիոնալ հրամանները ոստիկանությանը և նախընտրական ելույթը։ Օրենսգրքի խախտում կարող ենք դիտարկել, եթե նման երևույթ լինի։ Միաժամանակ, այն պաշտոնյաները, որոնք արձակուրդում չեն՝ խոսքը կառավարության անդամ հանդիսացող պաշտոնյաների մասին է՝ այդ թվում վարչապետի, աշխատանքային ժամերին պարտավոր են իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները և քարոզարշավով զբաղվել աշխատանքային ժամից դուրս, կամ դուրս գալ արձակուրդ։ Այստեղ հարց է առաջանում, ինչու ենք հարկատուներս վճարում պաշտոնատար անձանց, եթե աշխատանքային ժամին իրենք զբաղվում են քարոզչությամբ և ոչ իրենց պարտականությունների իրականացմամբ»։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել էր, որ նախընտրական քարոզչության շրջանում արձակուրդ չի գնալու: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարող Սուրեն Պապիկյանի խոսքով Փաշինյանը մասնակցելու է քարոզարշավին «ամենօրյա ռեժիմով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG