Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան․ «Համազգային խնդիրների լուծման համար մեզ անհրաժեշտ է համազգային բացառիկ համախմբում»


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելում է «Հայաստան» հիմնադրամի գրասենյակ, Երևան, 23-ը նոյեմբերի, 2018թ․
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելում է «Հայաստան» հիմնադրամի գրասենյակ, Երևան, 23-ը նոյեմբերի, 2018թ․

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան այցելել է Հիմնադրամի գրասենյակ: Փաշինյանը Հայաստանի վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 միլիոն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նաև ուղիղ եթերում շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են հեռուստամարաթոնին, և հայտարարել է․ - «Սիրելի հայրենակիցներ, այս նոր ժամանակաշրջանը չափազանց կարևոր է և մեր համազգային խնդիրների լուծման համար մեզ անհրաժեշտ է համազգային բացառիկ համախմբում: Իհարկե, հեռուստամարաթոնն այդ համախմբման ձևերից մեկն է և մենք այս ճանապարհով դեռ պետք է գնանք, որպեսզի հասնենք համախմբման և միասնության այն մակարդակի, որը երկար տարիներ երազել ենք: Այսօր, հիմա այդ հնարավորությունը կա, և կասկած չկա, որ այդ հնարավորությունը մենք կօգտագործենք՝ ստեղծելու իսկապես միասնական, ազատ և երջանիկ Հայաստան»:

Նախօրեին «Հայաստան» հիմնադրամի գրասենյակ էր այցելել ՀՀ նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Դեռևս մայիսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների համատեղ նիստում նախագահ Սարգսյանը խոստացել էր իր մեկ տարվա աշխատավարձը նվիրաբերել հիմնադրամին: Այսօր հիմնադրամում նախագահը ստորագրել է վեց ամսվա աշխատավարձը՝ 5 միլիոն 753 հազար 496 դրամ, նվիրաբերելու հավաստագիրը: Հանրապետության նախագահի հաջորդ վեց ամսվա աշխատավարձը ևս կնվիրաբերվի հիմնադրամին», - ասված է նախագահականի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG