Մատչելիության հղումներ

Քննարկվում է Սփյուռքի նախարարության «փակման կամ հզորացման հարցը»


Մխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյան

«Ազատության» հյուրն է Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

«Ազատություն»․ - Հայտնի է, որ նախարարություններ են կրճատվելու: Ձեր ղեկավարած գերատեսչությունը կա՞ այդ շարքում:

Մխիթար Հայրապետյան․ - Այս պահին շարունակում ենք քննարկել: Երկու ճանապարհ կա․ նախարարության փակման հարցն է, և նախարարության հզորացման հարցն է: Ես ինքս առաջարկել եմ երկրորդ տարբերակը՝ ավելի մեծ գործառույթներով ու լծակներով գերատեսչություն: Սակայն ինչ որոշում էլ որ կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, կայացնի, բացառապես միտված է լինելու ավելի արդյունավետ կառավարման: Սփյուռքի նախարարությունը, նաև ինքս վերջին յոթ ամիսների ընթացքում ինձ վրա եմ զգացել, որ այն կրել է հիմնականում սիմվոլիկ բնույթ: Նախարարությունը որպես այդպիսին ունենալու համար, ենթադրում եմ, սփյուռքին որոշակի ուղերձներ հղելու համար՝ սփյուռքից աջակցություն ստանալու ակնկալիքով: Գոնե թե ուսումնասիրելով այդ ամբողջ տասը տարիների կատարած աշխատանքը՝ թեև իսկապես լուսավոր կետեր եղել են, բայց ըստ էության նախարարությունը իր առջև չի դրել հավակնոտ խնդիրներ: Ես կարծում եմ, որ Սփյուռքի նախարարությունը Հայաստանի պարագայում՝ ունենալով յոթմիլիոնանոց սփյռւռք, կարող է ունենալ այնպիսի մի գերատեսչություն, որը, ստանալով նոր լծակներ, իր առջև կդնի տասը հազար անգամ, հարյուր հազար անգամ ավելի մեծ, թեկուզև անլուծելի թվացող խնդիրներ:

«Ազատություն»․ - Քանի՞ աշխատակից ունեք:

Հայրապետյան․ - Ութսունութ:

«Ազատություն»․ - Եթե փակվի նախարարությունը, ինչպես Հանրապետականն է ասում, այս մարդկանց փողոց եք գցում:

Հայրապետյան․ - Չեմ կարծում: Օպտիմալացման մասին վարչապետը խոսել է, և օպտիմալացումը իրենից ենթադրում է նաև որոշակի հաստիքների կրճատում, սակայն խոսքը փակման մասին չէ, այլ ձևաչափի փոփոխման մասին է: Այսինքն, կա՛մ որևէ այլ նախարարության կազմում կլինի, կա՛մ կոմիտեի տեսքով կլինի․․․ Ութսունութ աշխատակիցներին աշխատանքից զրկելու մասին չի խոսքը:

«Ազատություն»․ - Հո բոլորին չի՞ կարողանալու կառավարությունը տեղավորել:

Հայրապետյան․ - Այո, օպտիմալացում լինելու է, որովհետև պետական ծառայողների թիվը ուռճացված է միանշանակ:

«Ազատություն»․ - Եթե նախարարությունը կրճատվի, նշանակո՞ւմ է սա, որ Դուք էլ կգնանք խորհրդարան՝ որպես պատգամավոր աշխատելու:

Հայրապետյան․ - Չի բացառվում: Ես ի սկզբանե հայտարարեցի, որ թե՛ օրենսդիրում և թե՛ գործադիրում տեսնում եմ իմ քաղաքական գործունեությունը: Լինելով օրենսդիրում, անշուշտ, սփյուռքի հարցերը լինելու են ինձ համար առաջնահերթություն:

«Ազատություն»․ - Դուք արձակուրդ գնալո՞ւ եք քարոզարշավի շրջանում:

Հայրապետյան․ - Այո: Նոյեմբերի 26-ից արձակուրդ եմ գնում, որպեսզի ակտիվորեն մասնակցեմ նախընտրական քարոզարշավին:

«Ազատություն»․ - Ձեր բացատրությունը վարչական լծակի կիրառման վերաբերյալ: Բացառո՞ւմ եք:

Հայրապետյան․ - Բնականաբար: Որովհետև բացառապես պատրաստվում են կենտրոնալ նախընտրական շրջանի և քարոզարշավի վրա: Ինքս երկխոսություն եմ ունեցել աշխատակազմի հետ, հստակ դրվել է խնդիրը, որ պիտի բացառենք վարչական ռեսուրսի օգտագործումը: Անգամ օնլայն հարթակում կոչ եմ արել զսպվածություն դրսևորել՝ եթե իմ տարածած նյութերը կրում են նախընտրական բովանդակություն, այլ ոչ թե բացառապես իմ գործառույթների, պաշտոնի հետ կապված, կոչ եմ արել, որպեսզի զերծ մնան նույնիսկ դրանց տարածումից:

«Ազատություն»․ - Թեկնածու բոլո՞ր նախարարներն են գնալու արձակուրդ:

Հայրապետյան․ - Հիմնական մասը, որ առաջադրվել են, գնալու են արձակուրդի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG