Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են ապագա հարաբերությունների մասին համաձայնագրի նախագիծը, որը ճանապարհ է բացում «Բրեքզիթ»-ի մասին պայմանագրի կնքման համար։
Քաղաքական արձանագրությունը, որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան առևտուր կանեն, կհամագործակցեն անվտանգության և այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ համաձայնեցված է։ Այդ մասին հայտնում է Եվրոպական խորհուրդը:
«Այդ համագործակցությունը կկրի համապարփակ բնույթ և իր մեջ կներառի ազատ առևտրի գոտի, ինչպես նաև առավել սերտ համագործակցություն մի շարք ոլորտներում», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ ասվում է փաստաթղթի նախնական տարբերակում:
Տեքստում նաև նշվում է, որ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները «Բրեքզիթ»-ից հետո հիմնված կլինեն «Եվրամիության միասնական շուկայի ամբողջականության, ինչպես նաև Միացյալ Թագավորության ներքին շուկայի նկատմամբ հարգանքի վրա»։ Միևնույն ժամանակ կողմերն ընդունում են, որ դրան զուգահեռ «Լոնդոնը կիրականացնի անկախ առևտրային քաղաքականություն»: