Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության (ГРУ) պետ Իգոր Կորոբովը մահացել է «ծանր և երկարատև հիվանդությունից հետո»: Երեկ այս մասին հայտնեցին ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությունը:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը այլ մանրամասներ չի հաղորդել:
Նախարարությունը 2016 թվականից գործակալությունը ղեկավարած 62-ամյա Կորոբովին բնութագրել է որպես «հրաշալի մարդ, Ռուսաստանի հավատարիմ որդի և հայրենասեր»:
Իգոր Կորոբովի գլխավորած կառույցը վերջին տարիներին մի շարք միջազգային սկանդալների կենտրոնում է հայտնվել: Մասնավորապես, ГРУ-ի հետ են կապում բրիտանական Սոլսբերի քաղաքում Սերգեյ և Յուլիա Սկրիպալների վրա հարձակումը, որն իրականացվել է թունավոր նյութի միջոցով: Ռուսաստանյան ռազմական հետախուզության այդ մարմնի մի խումբ աշխատակիցներ արևմտյան մի շարք երկրներում մեղադրվում են մի շարք հանցանքներում՝ այդ թվում հաքերային հարձակումների, ընտրություններին միջամտելու մեջ:
Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության նախկին պետը՝ Իգոր Սերգունը, ում փոխարինել է Կորոբովը, նույնպես մահացել է պաշտոնավարման ընթացքում՝ 2016 թվականի հունվարին, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանում, սրտի կաթվածի հետևանքով: Ամերիկյան հետախուզական աղբյուրները, մինչդեռ, պնդում էին, որ Սերգունը մահացել է Լիբանանում: