Եվրամիությունն ու Վրաստանը հայտարարում են հարաբերությունների հետագա խորացման մասին: Երեկ Բրյուսելում հայտարարվեց երկկողմ հարաբերությունների նոր ձևաչափի` բարձր մակարդակում անցկացվող խորհրդակցությունների մեկնարկի մասին: Այս առթիվ Բրյուսել էին ժամանել վրացական կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները` այդ թվում վարչապետ Մամուկա Բախտաձեն:
«Մենք շնորհակալ ենք, որ նման մեծ թվով ԵՄ հանձնակատարներ էին մասնակցում այս հանդիպմանը: Դա աջակցության շատ լուրջ ուղերձ է Վրաստանի համար: Դա վկայում է, որ եվրոպական կառույցները իրոք ցանկանում են սերտացնել կապերը Վրաստանի հետ: Մենք երախտապարտ ենք այս հնարավորության համար: Այսօրվա հանդիպումը համագործակցության եզակի մի ձևաչափ է ստեղծում Վրաստանի համար` մի պետության, որի քաղաքացիների պատկերացմամբ եվրոպական զարգացման ուղին միակն է: Մենք ցանկացել ենք մաս կազմել եվրոպական ընտանիքին, քանի որ դա է վրաց ժողովրդի քաղաքակրթական ընտրությունը», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը:
Վրաստանի և Եվրամիության ներկայացուցիչները չորեքշաբթի օրը նաև երկու ֆինանսական համաձայնագիր ստորագրեցին, ինչպես նաև հաստատեցին 2019 թվականի երկկողմ համագործակցության գործողությունների ծրագիրը: Այս համաձայնագրերի տակ իրենց ստորագրությունները դրեցին ԵՄ Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների գծով հանձնակատար Յոհաննես Հանը և Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
«Սա մեծ օր է թե՛ Վրաստանի և թե՛ Եվրամիության համար: Այսօրվա հանդիպումը վկայում է, թե որքան կարևոր է մեզ համար այս համագործակցությունը», - հայտարարում էր Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:
Լավատեսական այս հայտարարությունների ֆոնին, սակայն, տեղեկություններ ի հայտ եկան, որոնց համաձայն՝ ԵՄ ղեկավարների և վրացական պատվիրակության հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել: Բանակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ «Ազատության» Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը Twitter-ի իր էջում գրում էր, որ ԵՄ ղեկավարները պատրաստվում են վրացական պատվիրակության անդամների հետ լրջորեն քննարկել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի հետագա ճակատագիրը:
«ԵՄ անդամ մի շարք պետություններ շարունակում են Վրաստանի հետ կապված դժգոհություններ հայտնել: Վրացական հանցավոր խմբերը ազատ վիզային ռեժիմը օգտագործում են ԵՄ անդամ մի շարք պետություններում գործունեություն ծավալելու նպատակով», - գրում էր Յոզվիակը` հավելելով․ - «Ազատ վիզային ռեժիմի սառեցման ժամանակը դեռ չի եկել, սակայն «դեղին լույսն» արդեն վառվում է»: