Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիային


«Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության պատճառով ամերիկյան իշխանությունները չեն պատրաստվում հարվածի տակ դնել համաշխարհային տնտեսությունը». երեքշաբթի օրը Վաշինգտոնում նման հայտարարությամբ հանդես եկավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների սահմանման հավանականությունը:

«Սաուդցիները հարյուր միլիարդավոր դոլարների ամերիկյան արտադրանք են ձեռք բերում: Եթե ես ասեմ, որ չեմ ցանկանում բինզես ծավալել սաուդցիների հետ, նրանք սպառազինությունն ու արդյունաբերական ապրանքները կգնեն Չինաստանից և Ռուսաստանից: Այդ երկրները շատ ուրախ կլինեն: Սաուդյան Արաբիան մեզ հետ մեծածավալ առևտուր է ծավալել, այն մեզ օգնում է ցածր մակարդակի վրա պահել նավթի գները, որպեսզի դրանք չհասնեն մեկ բարելի դիմաց 100 կամ նույնիսկ 150 դոլար ցուցանիշի: Ես չեմ պատրաստվում ավերել համաշխարհային կամ ամերիկյան տնտեսությունը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում հիմար քայլերի դիմելով», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Անդրադառնալով Կենտրոնական հետախուզական վարչության՝ օրերս հարապարակած զեկույցին, որի համաձայն Ջամալ Հաշոգիի սպանությունը կարող էր պատվիրած լինել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի կողմից` Թրամփը նշել է, թե ամերիկացի հետախույզների պատրաստած փաստաթղթում որևէ հստակ պնդում չի նկատել:

«Կենտրոնական հետախուզական վարչությունը որևէ հստակ հետևության չի հանգում: Նրանք գրում են, թե հնարավոր է, որ [Մոհամադ Բին Սալմանը] արել է դա, հնարավոր է, որ չի արել: Որևէ գնահատական չկա: ԿՀՎ-ն ուսումնասիրել է առկա փաստերը և հստակ հետևության չի հանգել: Ամեն դեպքում մենք Սաուդյան Արաբիայի կողքին ենք», - հայտարարել է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությունները հնչեցին այն պահին, երբ Սպիտակ տանից մի քանի հարյուր մետր այն կողմ` Պետքարտուղարության շենքում Հաշոգիի սպանության շուրջ ստեղծված կացությունն էին քննարկում Միացյալ Նահանգների և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսությունների ղեկավարները: Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոն է ժամանել նախևառաջ սաուդյան խնդիրը ամերիկացի գործընկերների հետ քննարկելու նպատակով:

«Նախագահ Թրամփը սպանության առթիվ հայտարարությամբ է հանդես եկել: Մենք մեր հերթին ամերիկացիների հետ կիսել ենք հետաքննության մանրամասները: Այդ գործընթացը պետք է շարունակվի: Թուրքիան ցանկանում է լույս սփռել կատարվածի վրա: Մի շարք հարցեր, սակայն, շարունակում են անպատասխան մնալ: Ո՞վքեր են կանգնած Հաշոգիի սպանության թիկունքում: Ո՞վ է արձակել սպանության հրամանը: Մենք համոզված ենք, որ այդ մարդիկ ինքնագլուխ կերպով չեն եկել Թուրքիա՝ սպանություն կատարելու նպատակով», - հայտարարել է թուրքական արտգործնախարարության ղեկավարը:

Չավուշօղլույի հետ բանակցությունների ավարտին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն հատուկ ընդգծել է, որ չնայած վերջին իրադարձություններին՝ Վաշինգտոնի և Էր Ռիադի հարաբերությունների բնույթը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի․ - «Դա նախագահի, ինչպես նաև Պետդեպարտամենտի պարտականությունն է` այնպիսի քաղաքականություն վարել, որը կապահովի Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունը: Ինչպես այսօր նշել է նախագահը, մենք շարունակելու ենք դիտարկել Սաուդյան Արաբիայի թագավորությունը որպես մեր կարևոր գործընկեր: Սա պատմական մի հանձնառություն է, որը կենսական նշանակություն ունի Ամերիկայի ազգային անվտանգության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG