Մատչելիության հղումներ

Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում ընտրվեց հարավկորեացի Քիմ Յոնգ Յանը


Ինտերպոլի նորընտիր նախագահ Քիմ Յոնգ Յան
Ինտերպոլի նորընտիր նախագահ Քիմ Յոնգ Յան

Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում ընտրվեց հարավկորեացի Քիմ Յոնգ Յանը, ով նախկինում զբաղեցնում էր հարավկորեական նահանգներից մեկի ոստիկանության ղեկավարի պաշտոնը:

Այսպիսով, Դուբայում այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքներով ռուսաստանցի գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկին չհաջողվեց հավաքել կողմ ձայների մեծամասնությունը: Նա կշարունակի աշխատել կառույցի երեք փոխնախագահներից մեկի պաշտոնում:

Ֆրանսիական Լիոն քաղաքում տեղակայված 95-ամյա միջազգային ոստիկանական կառույցի նոր նախագահի ընտրության հարցն օրակարգում հայտնվեց, երբ նախորդ ղեկավարը՝ Մենգ Հոնգվեյը, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվեց Չինաստանում, որտեղ նախկինում զբաղեցնում էր այդ երկրի Հանրային անվտանգության փոխնախարարի պաշտոնը:

Ինտերպոլի նոր ղեկավարի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուներից մեկի՝ ռուսաստանցի 56-ամյա գեներալի թեկնածությունը կրքեր էր բորբոքել. միջազգային հանրությունը՝ իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, կոչ էին անում կանխել աշխարհի ամենաազդեցիկ միջազգային իրավապահ կառույցի ղեկավարի պաշտոնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից համարվող Պրոկոպչուկի հնարավոր ընտրությունը։

«Աղվեսը հավաբնում»․ այսպես են բնորոշել ամերիկյան Սենատի Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները ռուսաստանցի գեներալի հնարավոր նշանակումն Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում։

Լիտվան ընդհուպ սպառնում էր դուրս գալ Ինտերպոլից, եթե կառույցի ղեկավարը դառնար Պուտինի մերձավոր դաշնակիցը: Կիևը նույնպես մտադիր էր սառեցնել անդամակցությունը:

«Արդար դատարան» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է, որ «անթույլատրելի կլիներ, որպեսզի մի երկիր, որն աչքի է ընկել Ինտերպոլի կանոնների խախտումներով, ղեկավար պաշտոն ստանա այդ կարևոր վերահսկիչ կազմակերպությունում:

Ուկրաինայում ծնված, ռուսաստանում գործունեություն ծավալած և հենց այդ երկրում հաջողությունների հասած գեներալի նշանակումը, ինչպես նկատում է միջազգային մամուլը, Կրեմլի համար մեծ հաղթանակ կլիներ, քանի որ Ռուսաստանը նախկինում Ինտերպոլը փորձել է օգտագործել իր քաղաքական ընդդիմախոսներին, ռուսաստանցի վտարանդի այլախոհներին քրեական հետապնդումների ենթարկելու, ձերբակալելու նպատակով: Ռուսաստանի նախաձեռնած այդօրինակ մի շարք աղմկահարույց ձերբակալություններից հետո այս տարվա ամռանը բրիտանական խորհրդարանը և ամերիկյան Կոնգրեսը նույնիսկ պահանջել են սահմանափակել Ռուսաստանի մուտքը Ինտերպոլի տվյալների բազա:

Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքները, միևնույն ժամանակ չթաքցնելով՝ ցանկանում էր, որ հենց ռուսաստանցի Պրոկոպչուկը ընտրվեր միջազգային կառույցի ղեկավարի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG