Մատչելիության հղումներ

Բիզնեսը, տնտեսությունը չպետք է քաղաքականացվի և դա բխում է բոլորի շահերից. Փաշինյան


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներին: Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին և տնտեսական զարգացման հեռանկարներին:

«Մենք համոզված ենք և ուզում ենք, ու հասնելու ենք դրան, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն շատ ավելի մեծ թվով գործարարներ, այսինքն՝ արդյունք ստեղծող մարդիկ, որոնց կարգավիճակն ավելին է, քան օրինակ՝ պատգամավորինը, նախարարինը և պետական որևէ պաշտոնյայինը», - իր ելույթում ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ շարունակելով․ ֊ «Ընդհանուր առմամբ, չեմ ուզում, որ սա էլ մեկնաբանվի որպես պետական պաշտոնյայի կարգավիճակի նսեմացում, ուղղակի կարծում եմ, որ մեր երկրի ապագան կառուցելու գործում շատ ճիշտ դերաբաշխում պետք է արվի և, ընդհանրապես, բիզնեսը, տնտեսությունը չպետք է քաղաքականացվի և դա, կարծում եմ, բխում է բոլորի շահերից՝ և՛ հանրության, և՛ գործարար խավի, և՛ արդյունավետ կառավարման»:

Փաշինյանը անդրադարձել է նաև տնտեսական ցուցանիշներին: Անդրադառնալով սեպտեմբերին արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը, վարչապետի պաշտոնակատարը դա մեկնաբանել է որպես տնտեսության տրանսֆորմացիայով և տնտեսական կառուցվածքի փոփոխությամբ:

«Արդեն հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները գալիս են վկայելու, որ իրավիճակի նման մեկնաբանությունը հիմնավոր է, որովհետև սեպտեմբերի անկումից հետո մենք հոկտեմբերին 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել: Այսինքն՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ այն պայմաններում, երբ երկրի ավանդական ոլորտները երկնիշ անկում են արձանագրել, խոսքը գյուղատնտեսության և հանքարդյունաբերության մասին է», - նշել է նա:

Փաշինյանի խոսքով, հոկտեմբերին արդյունաբերության 8.1 տոկոս աճ է արձանագրվել և արտահանման 12 տոկոսանոց աճ: Սա, վարչապետի պաշտոնակատարի խոսքով, նշանակում է, որ «մեր կանխատեսած և բարձրաձայնած առողջացման պրոցեսները մեր երկրում տեղի են ունենում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG