Մատչելիության հղումներ

Խաղադրույքային տնտեսությունից տրանսֆորմացիա ենք կատարում դեպի արդյունաբերական տնտեսություն. Փաշինյան


Տեքստիլի գործարան Հայաստանում, արխիվ

Տնտեսական ակտիվությունը 2018 թվականի հոկտեմբերին աճել է 3 տոկոսով։

Հակառակ կանխատեսումներին՝ տնտեսական ակտիվությունը 2018 թվականի հոկտեմբերին, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3 տոկոսով, իսկ հունվար-հոկտեմբեր կտրվածքով աճը կազմել է 6 տոկոս։

Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած այս տվյալները անակնկալ էին նաև վարչապետի պաշտոնակատարի համար, ով այսօրվա ասուլիսի ընթացքում բացատրում էր, թե ինչու իր կառավարությանը չհաջողվեց պահպահանել տնտեսական ակտիվության տեմպերը։

«Շատ երկար ժամանակ, այդ թվում մամուլը, տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին խոսելիս մենք ասում ենք, որ նկարված թվեր են։ Եվ այդպես էր։ Ինչո՞ւ չկարողացանք պահպանել: Որովհետև մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված ստավկաներից, որը մեր ժողովրդի մի շատ զգալի մասին, այսպես ասած, տոկոսի տակ է դրել։ Հաջորդը Ամուլսարի ներդրումն էր, այսինքն մի կազմակերպության ճակատագրով մենք տնտեսական աճ ենք նկարում։ Հաջորդը Թեղուտն էր: Թե ինչ է տեղի ունեցել Թեղուտում, դուք գիտեք, և դա տեղի է ունեցել մինչև հեղափոխությունը, այսինքն՝ Թեղուտի հանքը փակվել է։ Ուզում եմ ուշադրություն հրավիրեմ բոլորին, երբ որ ժամանակին զանգահարում էին մարդիկ, ասում էին՝ մի արեք, դա պրոբլեմ է դառնալու մեզ համար, չէ, ասում էին, տնտեսական ակտիվության ցուցանիշը բա։ Գրենք, բայց մեզ տնտեսական ակտիվության ցուցանիշ է պետք։ Այսօր, իմ գնահատմամբ, տնտեսության մեջ տեղի է ունենում առողջացման գործընթաց։ Այսինքն մենք խաղադրույքային տնտեսությունից տրանսֆորմացիա ենք կատարում դեպի արդյունաբերական տնտեսություն», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Բացասական կանխատեսումների պատճառ էր դարձել այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ գրանցված 0.1 տոկոս անկումը։ Իսկ այս ամսվա աճին ամենաշատը նպաստել է ծառայությունների (16.6 տոկոս), արդյունաբերության (8.1 տոկոս) և առևտրի (5.8 տոկոս) ոլորտներում գրանցված աճը: Տնտեսագետները այստեղ էական են համարում Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների ազդեցությունը։ Միևնույն ժամանակ էականորեն կրճատվել է գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալը՝ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազելով 22.1 տոկոսով:

«Երբ որ հոկտեմբեր ամսվա տվյալները նայեք, այդտեղ չափազանց կարևոր է, որ արտահանումը ավելի քան 10 տոկոսով ավելացվեր, և սա այն ֆոնի վրա, որ հանքային արդյունաբերությունը որոշակիորեն ավելի նվազ կարևորություն է խաղում արտահանման մեջ։ Սա բավականաչափ լավ ցուցանիշ է։ Սա այն ամիսն է, որը ըստ նախնական տվյալների, եթե դուք նայեք, ներմուծումից ավելի բարձր տոկոսային աճ է արձանագրվել։ Կարևոր է նաև շինարարության բնագավառում աճը, որովհետև կարծես թե այնպիսի մեգապրոեկտներ, որոնք Ամուլսարի նման նախորդ տարի կային, այս տարվա մեջ չկային, բայց այնուհանդերձ շինարարության ոլորտում կանխատեսածից ավելի բարձր աճ կա։ Սա նաև որոշակիորեն ազդակ է, որ փոքր և միջին ձեռարկատիրությունը որոշակիորեն ընդլայնում է իր արտադրական կարողությունները և սա նախադրյալներ է ստեղծում, որ վարչապետի նշած տրանսֆորմացիայի գործընթացները հնարավորինս ավելի արագանան։ Կարծում եմ, որ ընտրություններից հետո այդ մասով ևս ավելի դրական ազդակները կշատանան, և մենք կարող ենք ավելի տեսանելի արդյունքներ գրանցել», - նշեց վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը տարեկան կտրվածքով կանխատեսում է շուրջ 6 տոկոս տնտեսական աճ, նախորդ տարի գրանցված 7, 5 տոկոսի փոխարեն: Այս ցուցանիշը տնտեսագետը բացասական չի համարում՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք տնտեսությունում համարվում են ցնցումային։

«Տեսեք, այն, ինչ որ մենք ունեինք, այն ինչից մենք դժգոհում ենք՝ կոռուպցիա, մենաշնորհներ, դա իրական մասն էր մեր տնտեսական համակարգի։ Հիմա դու, ըստ էության, կազմաքանդում ես այդ տնտեսական համակարգը, պարզ է, որ նորը միանգամից չի և անմիջապես արդյունավետ չի աշխատելու։ Եթե այս տեսանկյունից նայենք, իհարկե, իմ կարծիքով, փայլուն և լավ ցուցանիշներ են սրանք, եթե մեր պահանջների կամ խնդիրների տեսանկյունից նայենք, իհարկե, բնավ էլ բավարար չի, մենք պետք է ունենանք շատ ավելի բարձր տեմպերով աճ։ Աճի որակը պետք է լինի ուրիշ՝ շատ ավելի որակյալ։ Հանգամանքներ կան, հատկանիշներ կան, նույն ասենք օտարերկրյա ներդրումների խնդիրը։ Ըստ էության երկիրը զրկված է այդ աղբյուրից։ Այս խնդիրները պետք է լուծվեն», - ընդգծեց տնտեսագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG