Մատչելիության հղումներ

«Սոսե» կինոփառատոնը կեզրափակվի «Սարոյանի կտակը» ֆիլմի ցուցադրությամբ


Նոյեմբեր ամսին կինոարվեստի երկրպագուներն հնարավորություն ունեին մասնակցելու «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին, որի ավարտից հետո էլ անմիջապես մեկնարկեցին «Կին» և Եվրոպական ֆիլմերի փառատոները:

«Կին» փառատոնի մրցութային ծրագրում այս տարի ներկայացված է 52 ֆիլմ 20 երկրից: Եվրոպական ֆիլմերի փառատոնի ընթացքում մեր հանդիսատեսը հնարավորություն ուներ մեկ տասնյակից ավելի տարբեր եվրոպական երկրների վերջին երկու տարիների թողարկած ֆիլմեր դիտել:

Մոտ երկու ամիս էլ թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում կինոսերները հնարավորություն ունեին մասնակցել նաև «Սոսե» միջազգային կինոփառատոնին, որն այս տարի նվիրված է Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյա հոբելյանին: Փառատոնի ընթացքում ներկայացվել են Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա հայ և արտասահմանյան ռեժիսորների նկարահանած ֆիլմեր: Երկու օր հետո նոյեմբերի 22-ին «Սոսե» միջազգային կինոփառատոնը կեզրափակվի «Սարոյանի կտակը» ֆիլմի ցուցադրությամբ:

Այս բոլոր կինոփառատոները ոչ միայն նպաստում են տարբեր երկրների կինոգործիչների հետ շփումների և կապերի հաստատմանը, այլև մեր հատկապես երիտասարդ կինոգործիչների համար առիթ են դառնում մասնակիցը դառնալ նաև վարպետության դասերի, հաճախ նաև նրանց հուշում, թե ինչպես կարելի է փոքր ֆինանսական միջոցներով ֆիլմ նկարահանել:

«Մեր ուսանողները շատ բողոքում են, որ ֆինանսական խնդիրների պատճառով իրենք չեն կարողանում թեկուզ հինգ րոպեանոց կարճամետրաժ ֆիլմեր ներկայացնել, բայց իտալացի ուսանողը, հավատացեք, նույն բյուջեի սահմանում ավելի հետաքրքիր մոտեցումներով կարողանում է ֆիլմեր ներկայացնել և նույնիսկ մրցանակներ շահել: Մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ տեղ կրթության պակաս գուցե, գուցե մեր մեթոդները այսօր զիջում են համաշխարհային կինոյի զարգացման պրոցեսին: Փառատոնի նպատակն է բոլոր մեթոդներով զարգացնել մեր կինոարտադրությունը: Կինոփառատոնը նպատակ չէ, սա ընդամենը միջոց է մեզ համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Սոսե» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Ռիտա Խալաթյանը:

Հարցին, թե ինչպես է տեսնում հայ կինոյի ու կինոարտադրության զարգացումը, Խալաթյանը պատասխանեց․ - «Ես տեսնում եմ, որ ինքը արդեն զարգացման փուլում է: Բացատրեմ: Որովհետև երբ որ Հոլիվուդը ստեղծում էր արդեն իր զարգացած կինոարտադրությունը, այնտեղ նույնպես էդպես էր՝ սկսեցին սնկի նման աճել տարբեր միջոցառումներ կինոյի հետ կապված, պրոդյուսերական ընկերությունները և այլն: Ի վերջո, ժամանակի հետ բոլորս իրարից սովորում ենք, և մենք ունենք բացեր, ունեն բացեր նաև մյուս փառատոները, ունեն բացեր նաև մյուս ֆիլմարտադրությունները, և իրար հետ ինչ-որ բաներ խմորվում է: Եվ դա արդեն լավ է»:

Դիտարկմանը, որ մեզանում չկա կինոյի տարածման ցանց, Ռիտա Խալաթյանն արձագանքեց․ - «Այդ խնդիրը շատ լուրջ խնդիր է, հենց նույն կրթությունից սկսած՝ որ մենք չունենք պրոդյուսերական դպրոց: Չունենք սցենարիստական լուրջ դպրոց: Էստեղ պիտի միջամտություն լինի եվրոպական մասնագետների կողմից: Բայց իհարկե հասկանում ենք, որ դա ֆինանսական միջոցներ է պահանջում․․․ Մի փոքր էլ ազնվությունն է պակասում: Ինձ թվում է, մի քիչ շատ ենք սովորել գովերգություններին, երբ որ սեփական աշխատանքը գերագնահատում ենք և չենք փորձում ավելի օբյեկտիվ լինել․․․ Եվ գոյություն չունի թատերական քննադատություն, կինոքննադատություն, և դա շատ լուրջ խնդիր է: Երբ որ ես տեսնում եմ, որ այդ քննադատներն էլ արդեն բաժանվում են ծանոթ, բարեկամ, ընկեր․․․ մի քիչ մեղմ են մոտենում: Նաև քննադատվողներն են շատ ծանր ընդունում: Քննադատության միջոցով է ի վերջո թացը չորից զատվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG