Մատչելիության հղումներ

Պակիստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին


Պակիստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Ջոնս, արխիվ
Պակիստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Ջոնս, արխիվ

Իսլամաբադը արտգործնախարարություն է հրավիրել Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Ջոնսին և բողոք է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում և, մասնավորապես, Օսամա Բին Լադենի ոչնչացման գործում Պակիստանի անբավարար դերակատարության մասին նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանության կապակցությամբ:

Թրամփի հայտարարությունը զայրացրել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանին, ով երեկ Թվիթերում տեղադրած գրառմամբ պնդել է, որ «ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ին օգնելու համար քիչ երկրներ են այնքան զոհողությունների գնացել, որքան Պակիստանը»:

Այդ միջադեպը վկայում է Վաշինգտոնի և Իսլամաբադի հարաբերություններում ի հայտ եկած նոր լարվածության մասին:

«Արտգործնախարարությունը վճռական բողոք է հայտնել գործերի ժամանակավոր հավատարմատարին Պակիստանին անհիմն և անարդար մեղադրանքներ ներկայացնելու առիթով», - ասվում է Պակիստանի ԱԳ նախարարության այսօրվա հաղորդագրությունում:

Նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթավերջին ասել է, թե «Պակիստանը ոչինչ չի արել Միացյալ Նահանգների համար՝ չնայած Ամերիկայի տրամադրած միլիարդավոր օգնությանը»:

Թրամփի պնդմամբ՝ Պակիստանի իշխանությունները գիտեին, թե որտեղ է թաքնվել Օսամա Բին Լադենը:

Միացյալ Նահանգների հատուկ ստորաբաժանումը Օսամա Բին Լադենին ոչնչացրել է Պակիստանի տարածքում 2011 թվականի մայիսի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG