Մատչելիության հղումներ

Լարվածություն Ինտերպոլի ղեկավարի ընտրության նախօրեին


Ինտերպոլի Ռուսաստանի գրասենյակի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկ, արխիվ
Ինտերպոլի Ռուսաստանի գրասենյակի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկ, արխիվ

Ինտերպոլի ղեկավարի ընտրության նախօրեին լարվածություն է առաջացել: Միացյալ Նահանգների օրենսդիրները և այլ գործիչներ նախազգուշացնում են միջազգային իրավապահ այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնում Ռուսաստանի ներկայացուցչին ընտրելուց բխող վտանգների մասին:

Բրիտանական մամուլը հայտնում է, որ Ինտերպոլի տնօրենի պաշտոնում ընտրվելու հնարավորություններ ունի Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության բարձրաստիճան աշխատակից, 56-ամյա գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկը:

Բրիտանացիների և ամերիկացիների փոխանցմամբ, Ռուսաստանը հաճախ է օգտագործել Ինտերպոլի ընձեռած ընթացակարգերը քաղաքական ընդդիմախոսներին հալածելու նպատակով:

Ինտերպոլի նախագահին ընտրելու համար այս օրերին Դուբայում են հավաքվել կազմակերպության անդամ տասնյակ պետությունների ներկայացուցիչներ:

Ընտրությունը նախատեսված է վաղը՝ նոյեմբերի 21-ին: Ազգային ոստիկանական ծառայությունների միջազգային համագործակցությունը և, մասնավորապես, հետախուզման մեջ գտնվող անձանց արտասահմանում բացահայտելու ընթացակարգը կարգավորող այդ կազմակերպության կենտրոնակայանը տեղակայված է Ֆրանսիայում՝ Լիոնում:

Այդուհանդերձ, Ինտերպոլը չունի անձին ձերբակալելու իրավունք և կարող է միայն կազմել ծանուցումներ, որոնց հիման վրա տվյալ երկրի ազգային ոստիկանությունը մեկ այլ պետության միջնորդությամբ ձերբակալում է հետախուզվող անձին:

Քննադատները նշում են, որ տարբեր երկրներ այդ միջոցով հետապնդում են քաղաքական այլախոհներին:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ կսառեցնի անդամակցությունն Ինտերպոլին այն դեպքում, եթե ռուսաստանցի Պրոկոպչուկն ընտրվի կազմակերպության ղեկավար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG