Մատչելիության հղումներ

Պատմական Խարբերդի հայկական եկեղեցու ճակատագիրը` «Դողան»-ի ուշադրության կենտրոնում


Թուրքիա - Խարբերդի պատմական բերդը, արխիվ
Թուրքիա - Խարբերդի պատմական բերդը, արխիվ

Թուրքական «Դողան» լրատվական գործակալության սյունակագիր Էրքան Բայն անդրադարձել է Թուրքիայի Էլազըղ (պատմական Խարբերդ) նահանգի Ռըզայի թաղամասում գտնվող օսմանյան վերջին շրջանում կառուցված և այսօր կիսաքանդ վիճակում գտնվող հայկական բողոքական եկեղեցու ճակատագրին:

1904-1907 թվականների ընթացքում կառուցված եկեղեցին, որը շուրջ 500 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, 1973 թվականին Դիարբեքիրի մշակութային և բնական հարստության պահպանության տարածքային վարչության կողմից ընդգրկվել է հատուկ պահպանության օբյեկտների ցանկում:

Ուշագրավ է, որ եկեղեցու դռան վրա կարելի է տեսնել հայերեն «Է» տառը, չնայած դրան՝ վարչության պաշտոնական կայքում տեղ գտած ցուցակում այն ներկայացված է որպես ասորական եկեղեցի:

Հոդվածի հեղինակը պարզել է, որ 114 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցու տարածքը սեփականաշնորհված է և պատկանում է Ստամբուլում բնակվող իրավաբան Սուլեյման Թյուրքերին:

Վերջինիս խոսքով՝ եկեղեցու վերականգնման համար շուրջ 2 միլիոն դոլար է անհրաժեշտ, և եթե պետությունը նման նախաձեռնությամբ հանդես գա, իրենք պատրաստ են աջակցել:

«Պատմական կառույցի վերականգնումը լուրջ ֆինանսավորում է պահանջում, եկեղեցու քարերը պետք է մեկ առ մեկ մշակվեն: Տարիներ առաջ որոշել էինք շենքը հյուրանոցի վերածել, անհրաժեշտ թույլտվություն էինք ստացել, սակայն հրաժարվեցինք, քանի որ նախագիծն այնքան էլ գրավիչ չէր: Եթե պետությունը ցանկություն հայտնի պետականացնել շենքը, մենք չենք առարկի: Պատմական եկեղեցին կարող են վերաբացել այցելուների համար, կամ որպես դահլիճ, ցուցասրահ օգտագործել», - ասել է Թյուրքերը:

Ըստ մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության պետ Ահմեդ Դեմիրբաղի, պետությունը որևէ իրավունք չունի մասնավոր սեփականություն համարվող տարածքների նկատմամբ:

«Այս եկեղեցու հարցով քանիցս քայլեր են ձեռնարկվել: Սակայն, նմանօրինակ կառույցների սեփականատերերն իրենք պետք է նախաձեռնությամբ հանդես գան և դիմեն պետությանը՝ վերականգնման համար աջակցության խնդրանքով: Այդ պարագայում հարցը կքննարկվի նախարարության կողմից, շուրջ 60 տոկոս ֆինանսավորում ստանալու հնարավորություն կա: Պատմական արժեքների պահպանությունը կարևոր նշանակություն ունի, հատկապես Էլազըղի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել», - նշել է թուրք պաշտոնյան:

Թուրքիայի տարածքում մնացած հայկական մշակութային արժեքները մեծամասամբ անտեսված են պետության կողմից: Պատմական հայկական բազմաթիվ եկեղեցիներ կիսավեր, գանձախույզների ձեռքով հարստահարված վիճակում են գտնվում, օգտագործվում են իբրև պահեստ, ախոռ, ավտոտնակ և այլն:

Անշարժ գույքի առքուվաճառքի կայքերում երբեմն կարելի է տեսնել վաճառքի կամ վարձակալության հանված հայկական պատմական շենքեր, որոնք սեփականաշնորհված են և անհատների են պատկանում: Այս ցավալի երևույթը պարբերաբար արտացոլվում է մամուլում, սակայն պետական մակարդակով արձագանք չի գտնում, և համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG