Խաշոգջիի մասին քար լռություն
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդն այսօր ելույթ է ունեցել Մաջլիս Աշ-Շուրայում: Դա երկրի խորհրդակցական մարմինն է, ինչ-որ իմաստով օրենսդիր ժողով, որի բոլոր անդամներին հենց թագավորն է նշանակում:
Ենթադրվում էր, որ Սալմանը կանդրադառնա սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը, սակայն 83-ամյա միապետի ուղերձի առանցքային թեման տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի ոխերիմ մրցակից Իրանն էր:
Թագավորը միջազգային համայնքին կոչ է արել ճնշում բանեցնել և ստիպել Թեհրանի ղեկավարներին սառեցնել միջուկային և հրթիռային ծրագրերը:
Խաշոգջիի մասին ոչ մի խոսք, միայն իրավապահներին հասցեագրված անուղղակի ակնարկ-գովասանք պարտականությունները լավ կատարելու համար:
Մինչդեռ, ամբողջ աշխարհը սպասում էր, թե ինչ կասի միապետն այդ զարհուրելի հանցանքի մասին:
ԿՀՎ-ի կարծիքով, պատվիրատուն թագաժառանգն է
Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունը հանգել է այն եզրակացության, որ Խաշոգջիի սպանությունը պատվիրել է Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավարը՝ Սալմանի որդի և թագաժառանգ Մուհամադ բին Սալմանը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ստացել է Ստամբուլում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգջիի սպանության մասին Կենտրոնական հետախուզական վարչության համառոտ զեկույցը:
Թրամփը չի ցանկանում լսել դաժան ձայնագրությունը
Թրամփը նշել է, որ ինքն անձամբ հրաժարվել է լսել սպանության ձայնագրությունը:
«Ես գիտեմ այն ամենը, ինչ կա այդ ձայնագրությունում, և դա լսելու կարիք չունեմ: Դա ահավոր բռնի, դաժան, սարսափելի դեպք է», - ասել է Թրամփը Կալիֆորնիա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրուցելիս:
Խաշոգջին իր հոդվածներում և հեռուստատեսային ելույթներում հաճախ է քննադատել թագաժառանգին:
Չցանկանալով միանշանակ դատապարտել թագաժառանգին՝ Թրամփը նշել է, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը սոսկ նախնական գնահատական է տվել:
ԱՄՆ նախագահն ընդունում է, որ թագաժառանգին մոտ կանգնած մարդիկ, ամենայն հավանականությամբ, առնչություն ունեն սպանության հետ:
«Մենք շատ մանրամասն զեկույց կունենանք, հավանաբար, երկուշաբթի կամ երեքշաբթի օրը: Դա կլինի ամբողջական զեկույց, մենք կհասկանանք, թե ինչ է պատահել և ով է դա արել: Մենք սպանության մասին ենք խոսում, ուստի պետք է իմանանք, թե ով է դա արել», - ասել է Դոնալդ Թրամփը:
Ճամպրուկներ կամ ծծմբաթթու...
Ջամալ Խաշոգջին սպանվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2-ին մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, որտեղ պետք է ստանար թուրք հարսնացու Հաթիջե Ջենգիզի հետ ամուսնանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները նախ կտրականապես հերքել են իրենց առնչությունը լրագրողի անհետացմանը, բայց հետագայում ընդունել են, որ նա սպանվել է հյուպատոսարանում:
Ենթադրվում է, որ լրագրողին սպանելու հանձնարարությամբ Սաուդյան Արաբիայից ժամանած գործակալները նրան տեղում խեղդել են, իսկ դին հետագայոում մասնատել են և կամ հյուպատոսարանի տարածքից դուրս են հանել ճամպրուկներով, կամ լուծել են ծծմբաթթվի մեջ:
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի համար՝ կարևոր գործընկեր
Միացյալ Նահանգները չի ցանկանում կտրուկ քայլերի դիմել Սաուդյան Արաբիայի նկատմամբ, քանի որ այդ երկիրը համարվում է տարածաշրջանում Ամերիկայի հավատարիմ դաշնակիցը և տնտեսական կարևոր գործընկերը:
Մինչդեռ, ԱՄՆ-ում հնչում են պատժամիջոցներ սահմանելու և նույնիսկ զենքի վաճառքը սառեցնելու պահանջներ:
Սաուդյան Արաբիայի արքայական շրջանակներից հավաստիացնում են, որ մարդասպանները սեփական նախաձեռնությամբ են գործել, և թագաժառանգը, իբր, կապ չունի հոկտեմբերի 2-ի ողբերգության հետ:
Էր Ռիադը խոստացել է, որ մեղավորները կպատժվեն: Սաուդյան Արաբիայում այս գործով ձերբակալվել է առնվազն 18 մարդ մարդ, նրանցից 5-ին մահապատիժ է սպառնում: