Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն՝ իրեն քննադատող ուժերին. «Նրանք ո՛չ հեղափոխությունից առաջ, ո՛չ հիմա, չտեղավորվեցին ընդդիմության դաշտում»


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր հակադարձելով «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե Հանրապետականը չի կարող անբիծ ընդդիմություն լինել, շեշտեց՝ իրենց քննադատող ուժերը ո'չ հեղափոխությունից առաջ կարողացան նորմալ ընդդիմադիր դաշտում տեղավորել, ո'չ հիմա:

Ավելին, Բաղդասարյանը փակագծեր բացեց՝ ասելով, թե այդ ուժերն, ովքեր իրենց ընդդիմադիր են հռչակել, բանակցում էին Հանրապետականի հետ:

«Ազատություն». - Ձեզ հակադարձում են այլ ուժերից, մասնավորապես, «Լուսավոր Հայաստա»-ից, որ դուք չեք կարող լինել ընդդիմություն, որովհետև ընդդիմությունը պետք է լինի անբիծ, օրինակ, ինչպիսին իրենք են, որովհետև, երբ որ որպեսզ ընդդիմություն փորձեք խոսել կոռուպցիայից, ձեզ հիշեցնելու են ձեր կոռուպցիոներներին, ձեր տարիներին, թե ինչեր եք դուք արել, խոսելու եք անօրինականություններից, ձեզ հակադարձելու են ձեր կատարած անօրինականություններով և այլն։ Այդ դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում լինել ընդդիմություն, եթե խոսելու տեղի չեք ունենալու։

Բաղդասարյան. - Եթե խոսում էին արտագաղթից, ո՞ւր է հիմա ներգաղթը, եթե խոսում էին այդ կոռուպցիաներից, այն անարդարություններից, հիմա եթե վերացրել են, ո՞ւր է դրա շարժը, եթե խոսում էին մենաշնորհներից, մենաշնորհների նույն տոկոսն ամրագրված է նաև այս իշխանության ներկայացված փաստաթղթում, ինչ-որ մեր ժամանակ էր։ Իսկ ինչ մնում է ընդդիմության մասին, ձեր ասած քաղաքական ուժերը ոչ էն ժամանակ կարողացան նորմալ ընդդիմության մեջ տեղավորվել, ոչ էլ հիմա են կարողանում։ Ո՛չ իշխանության մեջ են, ո՛չ՝ ընդդիմության, պարզապես լուսանցքում են։ Դե որ ռեալ ընդդիմություն էին, դե թող իրար հետ ճանապարհ գնային, ինչո՞ւ էին տատանվում, ասում էին՝ «կարող ա էս Հանրապետականը մի բան անի, սրանք չկարողանան», կամ «կարող է իրենք լավն էին», մեզ հետ էին բանակցում, հետո նրանց հետ էին բանակցում, այդպիսի ընդդիմություն չի լինում։

Ազատություն». - «Լուսավոր Հայաստան»-ը ձեզ հետ բանակցե՞լ է։

Բաղդասարյան. - Անուններով չենք խոսում։

Հիշեցնելով, որ նույն «Լուսավոր Հայաստան»-ը, ՀՅ Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հեղափոխական իշխանության մաս կազմեցին, հետո ճանապարհի կեսից որոշեցին ընդդիմություն դառնալ, Վահրամ Բաղդասարյանը շեշտեց՝ նման ձևով ընդդիմություն չի ձևավորվում:

«Վեց ամսվա ընթացքում երկու-երեք անգամ մտքափոխվել, որ իշխանության հետ են, հետո փոխեն, որ պետք է մնան ընդդիմություն... լրագրողներդ Նալբանդյան, Աբովյան, Ամիրյան, այդ փողոցներում, խնդրում եմ, հետևեիք, թե մտքափոխ ոնց էին կանգնած փողոցի ծայրերում, ասում էին՝ «իջնե՞լն է ճիշտ, թե՞՝ բարձրանալը, միանա՞նք, թե՞՝ չմիանանք»։ Հենց որ ակտիվանում էր իշխանությունը, զգում էին, որ ինչ-որ բան պետք է փոխվի, կամաց-կամաց իջնում էին, հենց որ տեսնում էին նախորդ իշխանության կողմից կոշտ հայտարարություն էր լինում, հետ էին գնում։ Իսկ ամսի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, պարզապես տեղ չէին տալիս, թե ով պետք է առաջին շարքը լինի՝ Նիկոլի իշխանության ներկայացուցիչները հրում էին՝ «դու մեզ պետք չես», էն մեկի վզից քաշում էին՝ «արի, դու կարող ա մեզ պետք լինես»։ Այդպե՞ս են իշխանություն և ընդդիմություն ձևավորում, ես չեմ հասկանում։ Մենք նման վարվելակերպ չենք ունեցել, մենք ընդունում ենք, եթե չլինեին սխալներ, բացթողումներ, բնականաբար, այս մեն ինչը տեղի չէր ունենա», - ասաց Բաղդասարյանը։

Արմեն Ռուստամյան, արխիվ
Արմեն Ռուստամյան, արխիվ

Հայ հեղափոխական դաշնակցության համար անընդունելի են Հանրապետականի միակ ընդդիմություն լինելու մասին հայտարարությունները:

ՀՅ Դաշնակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի համոզմամբ, դրանք քարոզչական էֆեկտ ստեղծելու նպատակ ունեն, որոնք երկար կյանք չեն ունենալու:

Ռուստամյանը շեշտեց՝ իրական ընդդիմությունը պետք է գործի հօգուտ երկրի ու պետության և ոչ հակառակը:

«Նույնն ընտրականի հետ կապված, ի՞նչ է, Հանրապետականը, որ դեմ է քվեարկել, ավելի՞ ճիշտ ընդդիմություն էր։ Ինչի՞ է դեմ քվեարկել Ընտրական օրենսգրքին։ Էդ առումով հիմա մեզնից ո՞վ է ավելի ճիշտ պահել իրան։ Այսինքն՝ իրենք դեմ են քվեարկել, որ իսկապես չեն ուզում, որ Ընտրական օրենսգիրքը փոխվի, չէ՞, որ մնա էս ընտրակարգը, որն այսօր կա... ընդդիմություն ինքնանպատակ լինելու իմաստը ո՞րն է, դու պիտի ընդդիմություն լինես, կամ իշխանություն լինես՝ ի օգուտ երկրի ու պետության», - ասաց Ռուստամյանը։

Ի դեպ պատասխանելով հարցին, թե նախկին իշխանությանը մաս կազմած Հայ հեղափոխական դաշնակցությունը ի՞նչ սխալներ է գործել, որոնց մասին պատրաստ է բարձրաձայնել այսօր, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, թե մի կարևոր քաղաքական սխալ արձանագրել են, որն ապագայում երբեք չեն կրկնի:

«Խոսքը գնում է նրա մասին, որ Դաշնակցությունը չպետք է մաս կազմի որևէ կառավարության, որևէ կոալիցիայի, որտեղ վճռական ձայնի իրավունք չունի, որտեղ առանց իրեն կարող են որոշումներ կայացնել, մենք այլևս դրան չենք գնա», - ասաց Ռուստամյանը։

Վահե Էնֆիաջյան, արխիվ
Վահե Էնֆիաջյան, արխիվ

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ը խուսափում է ասել՝ ընտրություններին գնում է իշխանություն վերցնելու մտադրությամբ, թե՞՝ ինչպես մյուս ուժերն են հայտարարում, փորձելու է դիրքավորվել ընդդիմադիր դաշտում:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի փոխանցմամբ, ամեն ինչ որոշելու է ժողովուրդը։

«Մենք գնում ենք ընտրությունների, մենք գնում ենք մեր ծրագրերը ներկայացնելու։ Ժողովուրդն է որոշելու՝ ով, ինչ մասնակցություն կունենա քաղաքական դաշտում», - ասաց Էնֆիաջյանը։

Դիտարկմանը, թե պարզ է, որ մեծամասնությունը քվեարկելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին, Էնֆիաջյանն այսպես արձագանքեց. - «Այդ պարզեն-ը մենք կիմանանք ամսի 9-ին և ամսի 10-ին՝ պաշտոնական հրապարակումից հետո»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG