«Մենք իրար հետ արդեն իսկ կերտել ենք նոր Հայաստան, որտեղ ձեզանից յուրաքանչյուրն իրեն զգում է հաղթանակած և պետք է սրանից հետո միշտ զգա հաղթանակած», - այսօր Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանում ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ յուրաքանչյուրն իշխանություն է Հայաստանի Հանրապետությունում։
«Մենք շատ բարձր ինքնագնահատական ունեցող ժողովուրդ ենք, բայց նաև մեկ-մեկ քննադատում ենք ինքներս մեզ, մեկ-մեկ էլ շատ ենք քննադատում։ Տենց քննադատություն լսել եք, չէ՞, որ ասում են՝ «էս երկրում երեք միլիոն նախագահ կա, երեք միլիոն վարչապետ կա, երեք միլիոն նախարար կա», և դա ասվում էր իբրև քննադատություն։ Ես համաձայն չեմ դրա հետ։ Ես համարում եմ՝ այն, որ մեր երկրում երեք միլիոն վարչապետ կա, դա ոչ թե թերություն է, այլ՝ առավելություն, դրա մեջ է ամբողջ իմաստը։ Երբ որ ասում ենք, որ «դուք Հայաստանի Հանրապետությունում այլևս իշխանություն եք», հենց դա նկատի ունենք, որովհետև, այո՛, վարչապետի կարգավիճակը մեկն է, բայց իմ պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետությունում երեք միլիոն վարչապետ կա և պետք է այդպես էլ լինի, որովհետև նոր ժամանակներում, նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չի, վարչապետ լինելը պատասխանատվություն է։ Եվ երբ որ ասում ենք, որ նոր Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հենց դա նկատի ունեինք և, այո՛, Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա, և ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է, և մենք փոփոխությունների կհասնենք, եթե այս նախադասության բուն իմաստը շատ լուրջ հասկանանք և շատ լուրջ գնահատենք։ Դա նշանակում է մեզնից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար», - ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ տասնյակ տարիներ հարթակում չորս-հինգ հոգով կանգնած են եղել և այդ ընթացքում ցանկացել են ասել, որ փոփոխության ճակատագիրը կախված է ժողովրդից։
«Ձեզնից է կախված, դո՛ւք պետք է դիրքորոշում արտահայտեք, դո՛ւք պետք է որոշում կայացնեք, և հեղափոխությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դուք որոշումը կայացրել եք», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Ընտրություններում ամեն ձայնի ճակատագիրը որոշելիս ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը։ Հիմա դուք եք կայացնելու որոշում, և ձեզնից յուրաքանչյուրն այդ որոշման ողջ պատասխանատվությունը պետք է զգա։ Այո՛, ձեր մի քվեն որևէ մեկին տալով դուք վճռում եք այս երեխաների ճակատագիրը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
«Մենք չեն գողանում»
Մարտունիում տեղի բնակիչների հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նաև հայտարարեց. - «Մենք, ի տարբերություն նախորդ կառավարությունների, չենք գողանում, չենք գռփում, չենք թալանում։ Ու ես ասում եմ՝ այն մարդն, այն պաշտոնյան, որ պետությունից, ժողովրդից կամ որևէ տեղից կգողանա, իմ թիվ մեկ անձնական թշնամին է, և ես մինչև վերջ գնալու եմ այդ մարդուն պատժելու համար»։