Մատչելիության հղումներ

Սամվել Նիկոյան․ Միակ իրական ընդդիմությունը գործող իշխանություններին Հանրապետականն է


Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյան, արխիվ
Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյան, արխիվ

Հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով նախկինում ղեկավարել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը, պնդում է, որ ներկայիս իշխանությունները «Մարտի 1»-ի գործով ակներև բացահայտումներ դեռևս չեն արել:

«Անցել է այսքան ամիս, դուք լսե՞լ եք, որ որևիցե մեկ դեպք բացահայտված լինի։ Ափսոս: Լավ, ես համաձայնվեմ ձեր հետ և ասում եմ՝ ոչինչ չի արվել, այ հիմա եկել են անողները՝ բա խի՞ չեն անում: Նրանք վատն էին, նրանք կոծկում էին, չգիտեմ ինչ էին անում, հա՞, դուք ինչ որ ասել եք տարիներ շարունակ՝ տաս տարի, բա հիմա եկել են նորերը, որոնք շահագրգիռ են, ազնիվ են, մաքուր են, չգիտեմ ինչ են, ուզում են բացահայտեն, բա բացահայտեք», - շաբաթ օրը ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոյանը:

Դիտարկմանը, որ «Մարտի 1»-ի գործով մի քանի կարևոր հայտարարություններ են արվել՝ բանակի ներգրավվածության, ապացույցների կեղծման մասին, քննչական խմբի ղեկավարին է մեղադրանք առաջադրվել, նա հակադարձեց․ - «Գիտե՞ք, ամեն մի հայտարարություն, եթե լսեք հայտարարություններին, ցավոք սրտի՝ և՛ Հատուկ քննչական ծառայության պետը ամեն օր հայտարարություններ է անում, և՛ վարչապետն է տարբեր հայտարարություններ անում, իմ համար այդ հայտարարությունները՝ սկզբից հավատում էի դրանց, մտածում էի, որ դրանք լուրջ իրավական հիմք ունեն, բայց հետագայում հասկացա, որ դրանք, ցավոք սրտի, ընդամենը հայտարարություններ են, վերնագրեր են՝ հոդվածի, կամ թերթի հոդվածի վերնագրեր են, և դրանց հետևում, ես կհավատամ, եթե լինեն ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր, հիմքեր, միայն ես դրանց կհավատամ: Թե չէ՝ հայտարարություն, այսօր ամեն մի հայտարարություն լսում ես, և արդյունքում՝ ոչ մի բան»։

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Այս տարի Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար, մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու մեղադրանք՝ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին:

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում չընդգրկված Սամվել Նիկոյանը ասաց՝ Հանրապետականը հավակնում է դառնալ երկրորդ ուժը խորհրդարանում․ - «Հասկանալով հանդերձ, որ ամբողջ քաղաքական դաշտը, ամբողջ այդ թեկնածուները, կուսակցությունները քննադատելու են մեզ։ Զարմանալի՞ է, միգուցե զարմանալի է դա։ Ինչպես կա լիդեր, իշխանություն, որը հավակնում է մեծ թվով ձայներ տանել, մեծ տոկոսով ձայներ տանել, և մնացած ամբողջ քաղաքական դաշտը հարձակվելու է մեկ այլ կուսակցության վրա, որը չի հավակնում լինել առաջինը։ Մեզ համար դա շատ բնական է, շատ սպասելի, կանխատեսելի է, որովհետև Հանրապետական կուսակցությունը ամբողջ այս ժամանակահատվածում հստակ է, ունի իր մոտեցումները, գաղափարախոսությունը»:

Հանրապետականը ընտրություններին ամենայն լրջությամբ է պատրաստվում մասնակցել, ընդգծում է Նիկոյանը, հավելելով՝ իրենց կուսակցության հենարանը, ընտրողները լինելու են մտահոգ քաղաքացիները, որոնց թիվը, ըստ նրա, մեծ է։

«Մենք ասում ենք, որ մենք կարող ենք լինել ամենալավ ընդդիմությունը, որովհետև մենք ունենք այդ փորձառությունը, ունենք այդ ներուժը, ինտելեկտը, և մենք լավագույնս կարող ենք լինել ընդդիմություն։ Եթե դուք ուշադիր նայեք, այսօր քաղաքական դաշտը հետևյալ բաժանումը ունի՝ բոլորը հարվածում են Հանրապետական կուսակցությանը՝ իրենց հայտարարելով նույնիսկ ընդդիմություն, այդպես չի լինում՝ ընդդիմությանը ընդդիմություն չի լինում, ընդդիմության ընդդիմությունը դա իշխանությունն է։ Մի մասը քծնում են իշխանություններին, մի մասը վախենում են իշխանություններից և վախենալով հանդերձ քծնում են։ Ամեն դեպքում, երկու պարագայում էլ, եթե ուշադիր լինեք ամբողջ այս քննարկումներին պառլամենտում, ապա դա ակնհայտ երևում է, որ կա վախ և քծնանք: Միակ իրական ընդդիմությունը այսօրվա գործող իշխանություններին՝ բոլորի համար պարզ է, որ Հանրապետական կուսակցությունն է», - հայտարարեց Սամվել Նիկոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG