Մատչելիության հղումներ

Սարիգյուղում այս տարի առաջին հացի արտադրամասն է հիմնվել


Խորհրդային Միության փլուզումից հետո Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղում այս տարի առաջին հացի արտադրամասն է հիմնվել։ Հիմնադիրն ու սեփականատերը 21-ամյա Դավիթ Եգանյանն է։ Բանակից հետո աշխատանքի առաջարկ էր ստացել Ռուսաստանում ապրող հորեղբորից։ Ասում է՝ մի պահ արդեն մտածում էր Հայաստանը լքելու մասին:

«Սիրում եմ իմ գյուղը, էս աուրան ինձ հաճելի ա, էլի, ու որոշեցի, որ պիտի մնամ գյուղում, պիտի բիզնես հիմնեմ գյուղում, ու գյուղում չկար հացի փուռ, հացի արտադրամաս, կամ հացաբուլկեղենի», - «Ազատությանը» պատմեց Դավիթը:

Արտադրամասը հիմնվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի աջակցությամբ։ Բացումը մի քանի ամիս առաջ էր, և այսօր արդեն, ինչպես արտադրողն է ասում, մարզի ամենահամեղ և հայտնի բուլկիներն են արտադրում։

Գյուղացիների աջակցման ծրագրերի և անհատ բարեգործների շնորհիվ գյուղում նաև ջերմոցներ են հիմնվել, վերանորոգվել է դպրոցի մի մասը, խմելու ջրի աղբյուրները մարդկանց տներին ավելի են մոտեցվել։

Ցորենը հնձելու, արտերը վարելու համար նոր տրակտորները ստանալուց հետո սարիգյուղցիները փաստում են՝ ավելի շատ են սկսել վարուցանքով զբաղվել։ Չնայած երկրի անկախացումից հետո, ասում են, բոլոր տրակտորների բաքերը փոքրացրել են։

Հայաստանի անկախացումից հետո Սարիգյուղում այդպես էլ խմելու ջրի խնդիրը չի լուծվում։ Տարիներ շարունակ ջուր են կրում։ Սարիգյուղցիներին մարզում չոլի ձուկ են ասում։ Գյուղ հարս բերելու մասին էլ արդեն լեգենդներ են հորինվում։

Սահմանամերձ Սարիգյուղն ազատված է հարկերից, սակայն, ինչպես գյուղացիներն են ասում, պետության կողմից մինչ այսօր գյուղի զարգացմանն ուղղված ոչ մի ծրագիր չի իրականացվել։ Առայժմ միայն գյուղի ցուցանակն են տեղադրել՝ «Սարիգյուղ, բարի ճանապարհ»։

«Ազատության» «Գյուղամեջ» հաղորդաշարի՝ Խնածախի երեխաներին նվիրված թողարկումը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG