Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը. Մնացականյան


Հայաստանի արտխործնախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը», - ռուսական «Տասս» գործակալությանը տված հարցազրույցում պնդել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ընդգծելով՝ կառույցին անդամակցում են վեց իրավահավասար պետություններ և որոշումները պետք է ընդունվեն փոխհամաձայնության սկզբունքով:

Ռուսական գործակալության թղթակիցը փաստել է՝ անցած շաբաթ Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվի Բելառուսին:

Հարցին, արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը զրկվել է սեփական թեկնածուին առաջադրելու հնարավորությունից, և արդյոք դա ընդունելի է Երևանի համար, Զոհրաբ Մնացականյանը միանշանակ պատասխանել է՝ ոչ:

«ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական հարթակ է անվտանգության ոլորտում համագործակցող վեց պետությունների համար, և եթե ես հիմա ձեր հարցին ի պատասխան կրկնեմ այն, ինչ հայտարարում էր Հայաստանը ողջ այս ընթացքում, կարելի կլինի եզրակացնել, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է մնա Հայաստանին, և մենք այդ պաշտոնի համար կադրային շատ լավ ներուժ ունենք», - ասել է Մնացականյանը:

Արտգործնախարարի պաշտոնակատարը փաստարկել է՝ կազմակերպության կանոնադրությունը հստակ չի նշում՝ ինչ որոշում է պետք ընդունել գործող գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դեպքում, միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցը պետք է որոշվի անդամ բոլոր երկրների համաձայնությամբ:

Շաբաթվա սկզբին Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե կազմակերպության հաջորդ ղեկավարը պետք է լինի Բելառուսից, ընդգծելով՝ ինքը ոչ թե մեկ, այլ երեք թեկնածու ունի այդ պաշտոնում: - «Հայաստանը գլխավորում է Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Սա շատ մեծ ծանրաբեռնվածություն է մի երկրի համար, որը գտնվում է այսպիսի անցումային փուլում: Արդյո՞ք Հայաստանը կդիմանա այդ ծանրությանը», - ասել էր Լուկաշենկոն:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը այսօր հայտարարել է. - «Կազմակերպության հեղինակությունը, կենսունակությունը և արդյունավետությունը ծայրահեղ կարևոր են Հայաստանի համար: Որպես ՀԱՊԿ անդամ մենք շահագրգռված ենք, որ կազմակերպությունը ուժեղ լինի, և մեր ներդրումն ենք բերում այդ գործին»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ ետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո: Ռուսաստանից քննադատություններ էին հնչել, թե այդ քայլով Հայաստանը կասկածի տակ է դրել կառույցի հեղինակությունը: Մինչդեռ Մնացականյանը պնդել է՝ ճիշտ հակառակը, Երևանը այդ քայլը նախաձեռնել է կազմակերպությունն էլ ավելի ամրապնդելու համար:

«Մենք գործող քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու գործընթաց սկսեցինք, քանի որ նրա հետ ներքին բնույթի իրավական խնդիրներ ունեինք, և այդ քայլին գնացինք, որ հենց սկզբից տարանջատենք կազմակերպության ու մեր ներքին հարցերը», - մանրամասնել է Մնացականյանը հավելելով․ - «Հայաստանն ուզում է ամրապնդել կազմակերպության կենսունակությունը և կառույցի անդամ վեց երկրների համախմբվածությունը»:

Զոհրաբ Մնացականյանը խոսել է նաև ԱՄՆ նախագահի Անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հարավային Կովկաս կատարած վերջին այցի մասին, որի ընթացքում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել էր՝ Վաշինգտոնը կարող է զենք վաճառել Հայաստանին:

«Այս հարցով որևէ առաջարկ Հայաստանը չի ստացել: Բացի այդ, մեր երկիրը գտնվում է շատ զգայուն տարածաշրջանում, որտեղ չլուծված հակամարտություն կա, և խաղաղության ու կայունության հաստատումը մեզ համար շատ կարևոր է», - ասել է Մնացականյանը՝ ընդգծելով՝ սպառազինությունների մրցավազքը նման իրավիճակում չափազանց վտանգավոր երևույթ է:

Կոնկրետ հասցեատերեր չնշելով, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը, ըստ էության, անուղղակի դիմել է նաև Ռուսաստանին ու Բելառուսին, որոնք զենք են վաճառում Բաքվին: - «Երբ մենք մեր դաշնակիցներին դժգոհություն ենք հայտնում Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, ընդգծում ենք, որ չենք կարող այդ փաստը դիտարկել զուտ որպես բիզնես գործարք, մեզ համար դա զենք է, որը խլում է մեր հայրենակիցների, մեր զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքը», - նշել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG