Մատչելիության հղումներ

NBC. Սպիտակ տունը լրջորեն քննարկում է Գյուլենի արտահանձնման հարցը


ԱՄՆ - Թուրք քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքի իր տանը, արխիվ
ԱՄՆ - Թուրք քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենը Փենսիլվանիա նահանգի Սեյլորսբուրգ քաղաքի իր տանը, արխիվ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հերքում է ամերիկյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն՝ Սպիտակ տունը լրջորեն մտածում է Փենսիլվանիայում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման մասին:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, այդ քայլով Թրամփի վարչակազմը փորձում է թուրքական կողմից որոշակի զիջումներ կորզել` թուլացնելով Անկարայի ճնշումը Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի առանցքային դաշնակիցը համարվող Սաուդյան Արաբիայի նկատմամբ:

Անկարայի և Էր-Ռիյադի հարաբերություններում ճգնաժամը ծագեց սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի (նաև՝ Խաշոգջի)` Ստամբուլում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած սպանությունից հետո: Հինգշաբթի երեկոյան ամերիկյան մամուլում հայտնված տեղեկությունների մասին խոսեց Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը:

«Այս երկու թեմաները միմյանց հետ որևէ առնչություն չունեն: Ես խորհուրդ եմ տալիս այս խնդիրները իրարից անջատ դիտարկել: Կուզեմ նաև հավելել, որ ես այս հարցի մասին զրուցել եմ Սպիտակ տան իմ գործընկերներից ոմանց հետ: Սպիտակ տունը Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնմանը վերաբերող որևէ քննարկման ներգրավված չէ», - հայտարարում էր Պետքարտուղարության խոսնակը:

Առաջինը Վաշինգտոնի և Անկարայի միջև հնարավոր դիվանագիտական գործարքի մասին հաղորդեց NBC News հեռուստաընկերությունը: Վկայակոչելով երկու բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների և Սպիտակ տանը մոտ կանգնած ևս երկու անանուն աղբյուրների տեղեկությունները՝ NBC-ի լրագրողները պնդում էին, որ Սպիտակ տունը նախորդ ամիս պաշտոնական գրություններով դիմել է Արդարադատության նախարարության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարներին` առաջարկելով քննել Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնման իրավական հիմքերը: Բացի այդ, նախագահ Թրամփի աշխատակազմը պաշտոնական հարցում է ուղարկել Միացյալ Նահանգների Ներքին անվտանգության դեպարտամենտ, ճշտելով Գյուլենի` ԱՄՆ տարածքում բնակվելու օրինականության հարցը:

«Այս գերատեսչությունների երկարամյա աշխատակիցները խիստ զայրացել են, երբ պարզ է դարձել, որ Սպիտակ տունը ամենայն լրջությամբ է նման հարցում ուղարկում», - NBC-ի թղթակցին է փոխանցել ամերիկացի պաշտոնյաներից մեկը` չցանկանալով բացահայտել իր ինքնությունը:

NBC-ի աղբյուրները նաև տեղեկացրել են, որ թուրք պաշտոնյաները և Թրամփի վարչակազմը վերջերս քննարկել են Գյուլենին Թուրքիա արտահանձնման փոխարեն Հարավային Աֆրիկա ուղարկելու տարբերակը:

«Դա պետք է տեղի ունենար, եթե Գյուլենի արտահանձնումը անհնարին դառնար», - հեռուստաընկերությանն է փոխանցել ամերիկացի պաշտոնյաներից մեկը` հավելելով, սակայն, որ Վաշինգտոնը իսլամիստ գործչին Հարավային Աֆրիկա արտաքսելու որևէ իրավական հիմք չունի: «Դա կարող է իրատեսական տարբերակ լինել միայն մի դեպքում` եթե Գյուլենն ինքը, կամավոր կերպով համաձայնի տեղափոխվել Հարավային Աֆրիկա», - նշել է NBC-ի զրուցակիցը:

Պաշտոնական Անկարան 90-ականների վերջից ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլահ Գյուլենին մեղադրում է երկու տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձը կազմակերպելու համար` պնդելով, որ Էրդողանի կառավարությունը տապալելու փորձի հետևում կանգնած էր զինված ուժերի շարքերում առկա Գյուլենի կողմնակիցներից կազմված ընդհատակյա ցանցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG