Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:
Կառավարության ղեկավարն ուսումնական կետում հետևել է մարտական հրաձգության մարտավարական զորավարժությանը՝ բարդ լեռնային տեղանքում, որի ընթացքում գրոհային մարտավարական խմբերը գործել են բնագծերի բարելավման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար:
Վարչապետի պաշտոնակատարը խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն: