Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն տրամադրելու մասին օրինագիծը չընդունվեց


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Հանրապետական Էդուարդ Շարմազանովը որպես «անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկություն» գնահատեց Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն տրամադրելու մասին օրենքի նախագծի տապալումը Ազգային ժողովում:

Բուռն քննարկումներից հետո հանրապետականներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի հեղինակած նախագծին կողմ քվեարկեց միայն 28 պատգամավոր՝ հիմնականում հանրապետականներ: «Ելք» խմբակցությունից Սասուն Միքայելյանը հաջորդ խորհրդարանին առաջարկեց նրանց հատուկ վերաբերմունքի արժանացնել: «Խորհուրդ կտայի հաջորդ նստաշրջանում այս 28 հոգուն դասել սրբերի դասերին», - հայտարարեց նա։

Միքայելյանն ընդգծեց՝ կաթողիկոսին ժողովրդից պաշտպանելու կարիք չի տեսնում, իսկ հանրապետականներին հիշեցրեց, որ Վեհափառի նկատմամբ բացասական վերաբերմունքը հասարակության մեջ ձևավորվել է հենց նրանց իշխանության տարիներին:

«Ելք» խմբակցության գործընկերներին հակադարձեց հանրապետական Մարգարիտ Եսայանը, որ այդ տրամաբանությամբ առաջանորդվելու դեպքում վարչապետն ու մյուս պաշտոնյաներն էլ պետական պաշտպանության կարիք չունեն, շարունակելով. - «Ինչի՞ց է պաշտպանվում վարչապետը իր անվտանգության համակարգով, հայ ժողովրդի՞ց։ Եկեք ժողովրդի անունը շատ չտանք, և կարծում եմ՝ քանի որ ընտրությունները մոտենում են, հասարակությունը պետք է շատ սթափ իմանա, թե ինչու հատկապես, ինչ նպատակով կառավարությունը դեմ է այս օրինագծերին և ինչու կառավարության խմբակցությունը նույնպես դեմ է այս օրինագծերին»։

Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական անվտանգության տրամադրելու հարցի քննարկումը սկսվեց այս տարվա հունիսին տեղի ունեցած ցույցերից հետո: «Նոր հայրապետ, նոր Հայաստան» նախաձեռնության անդամները ցույցեր էին կազմակերպում՝ պահանջելով Գարեգին երկրորդից հրաժարվել կաթողիկոսի աթոռից:ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կառավարութան «կարիք կլինի՝ կպաշտպանենք» մոտեցումն ընդունելի չի համարում, համոզված է՝ այդ կարիքն արդեն կա:

«Գիտեք այս դեպքերը եղել են, երբ որ կաթողիկոսի անձը վտանգվել է, հարվածի է ենթարկվել։ Արդեն մենք տեսել ենք, որ սա անհրաժեշտություն է», - նշեց Բաբուխանյանը։

Այսօր Ազգային ժողովում բուռն քննարկման ժամանակ հանրապետական Հակոբ Հակոբյանի որակումները հասարակության մի հատվածի նկատմամբ արժանացան որոշ գործընկերների ծափահարություններին: «Մենք Վեհափառին պաշտպանում ենք սեռական և կրոնական փոքրամասնություններից, որոնք որ դրսից ֆինանսավորվում են և պայքարում են հայկական պետականության և հայ հավատքի դեմ», - հայտարարեց Հակոբյանը։

Գրեթե նույն բովանդակության էր նաև մեկ այլ հանրապետական Սամվել Նիկոյանի ելույթը: «Անհրաժեշտություն կա սատանեներից և սատանայապաշտներից պաշտպանելու, որոնք սնվում են դրսից, սնվում են ֆինանսներով, որոնց նպատակը մեր պետության ազգային արժեքները հարվածի տակ դնելն է։ Մեր եկեղեցին մեր ազգային անվտանգության անքակտելի մասն է, ով դեմ է այդ եկեղեցուն, դեմ է ազգային անվտանգությանը», - ընդգծեց նա։

«Ծառուկյան» խմբակցությունը որոշեց ձեռնպահ քվեարկել կաթողիկոսին պետական պաշտպանություն տրամադրելու օրինագծին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց ոչ միայն Վեհափառը, այլև Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանության կարիք ունի:

«Դնել Վեհափառին մի իրավիժակի մեջ, որ ինքը պետք է խնդրի, որ իրեն պաշտպանեն, ես չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է», - ասաց Ռուստամյանը։

Թեժ քննարկումից հետո օրինագիծն այնուամենայնիվ չընդունվեց: Կողմ քվեարկած 28 պատգամավորների անունից Էդուարդ Շարմազանովը բարկացած հայտարարություն արեց ու հեռացավ, չմասնակցելով մյուս օրինագծերի քվեարկություններին. - «Այսօր 28-ը կպաշտպանենք, վաղը լինելու ենք 2800, մյուց օրը 2 միլիոն 800 հազար։ Հայկը չի կարող պարտվել Բելին, մենք հաղթելու ենք։ Հաջողություն ձեզ»։

«Ծառուկյան» խմբացությունրից Գևորգ Պետրոսյանը հանդիմանեց, ՀՀԿ-ի միայն 2/3-ն է ներկայացել, սակայն ցանկանում են օրինագիծ անցկացնել:

Ազգային ժողովը չընդունեց նաև «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով արգելվելու էին եկեղեցու տարածքում հանրահավաքները:

Թե ինչպիսին է տապալված օրինագծերի մասին Հայ Առաքելական եկեղեցու տեսակետը, հայտնի չէ: Տեղեկատվական համակարգի տնօերն Վահրամ քահանա Մելիքյանի հետ կապ հաստատել «Ազատությանը» չհաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG