Մատչելիության հղումներ

Ընտրությունների կապակցությամբ դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով դատախազության համակարգում ստեղծվել է աշխատանքային խումբ: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ խմբի ղեկավար է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը:

«Աշխատանքային խումբն ուսումնասիրելու է ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված
հաղորդումները, լուծելու է դրանց ենթակայության հարցը, գործնական աջակցություն է ցուցաբերելու դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին այդ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս: Բացի այդ, խմբի գործառույթների մեջ է մտնում նաև պատշաճ և օպերատիվ լուսաբանմամբ իրականացվող աշխատանքների հրապարակայնության ապահովումը», - ասված է հաղորդագրությունում:

Աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով սերտորեն համագործակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելություն իրականացնող և
շահագրգիռ այլ կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների, ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների հետ:

Գլխավոր դատախազը դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին հանձնարարել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել և դրանց ընթացք տալու հարցը լուծել հնարավոր ամենասեղմ ժամկետներումում:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG