Գերմանիան Ուկրաինային կոչ է արել չեղարկել «պետության թշնամիների» ցուցակն այն բանից հետո, երբ դրանում ընդգրկվել է նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը:
Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Բեռլինը խստորեն դատապարտում է նմանօրինակ ցուցակների կիրառումը:
Ցուցակը հրապարակվել է «Միրոտվորեց» («Խաղաղարար») կայքում, որին աջակցում են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը և ուկրաինացի մի շարք այլ քաղաքական գործիչներ:
«Մենք նախկինում էլ փոխանցել ենք Ուկրաինային այդ կայքի վերաբերյալ մեր տեսակետը և հորդորել ենք այն փակել, մենք ևս մեկ անգամ դիմում ենք նույն կոչով», - հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Շրյոդերը «Միրոտվորեց» կայքում նշվում է որպես «հակաուկրաինացի»՝ Ռուսաստանի կողմից 2014 թվականին Ղրիմի բռնակցումը պաշտպանելու համար: Ղրիմի մասին իր այդ տեսակետը Շրյոդերը հայտնել է Aachener Nachrichten գերմանական օրաթերթին տված հարցազրույցում:
Ապօրինի որակելով բռնակցումը՝ Շրյոդերը միաժամանակ ասել է. - «Դուք կարծում եք Ռուսաստանի որևէ նախագահ երբևէ կվերանայի՞ այդ որոշումը: Սա իրականություն է, որի հետ մի օր պետք է հաշվի նստել»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բարեկամը համարվող Շրյոդերը նաև ասել է, թե Նիկիտա Խրուշչովը 1954 թվականին Ղրիմը նվիրել է Ուկրաինային:
«Ռուսաստանը և Ուկրաինան այն ժամանակ Խորհրդային Միության կազմում էին, և Խրուշչովը ենթադրել է, որ այն հավերժ կգոյատևի, ինչպես կաթոլիկ եկեղեցին: Բարեբախտաբար, դա այդպես չէր», - ասել է Գերմանիայի նախկին կանցլերը: