Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում ՀՀԿ֊ական հայտնի «ռեյտինգայիններին» նոր դեմքեր կփոխարինեն


Նախորդ ընտրություններին Հանրապետականի համար Շիրակի մարզում հազարավոր ձայներ ապահոված գործարարներ Արման Սահակյանն ու Մարտուն Գրիգորյանը չեն մասնակցում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին։ Ցուցակում ընդգրկված չեն նաև շիրակցի հնաբնակ հանրապետականներից շատերը: Նրանց կփոխարինեն նոր դեմքեր, ասում է Կարապետ Պողոսյանը, որը գլխավորում է մարզի հանրապետականների ռեյտինգային ցուցակը:

«Ցուցակում հիմնականում երիտասարդ մարդիկ են՝ 13 հոգի, որոնք նախկինում որևէ պետական պաշտոն չեն զբաղեցրել, զբաղվել են իրենց կրթությամբ, մասնագիտական գործունեությամբ և յուրաքանչյուրը փորձել է յուրովի կայանալ իր ոլորտում», - մանրամասնեց Պողոսյանը։

Վերջին տարիների համապետական ընտրությունների ընթացքում Գյումրիում Հանրապետականը գրեթե միշտ պարտվել է․ արդյոք նոր դեմքերով ու շատերին անծանոթ անուններով ներկայանալու պարագայում հնարավո՞ր է ձայներ ապահովել։ Այս հարցին Պողոսյանը պատասխանեց․ - «Միանշանակ վստահ եմ, որ անպայման կհաջողվի, որովհետև այս ընթացքում հանդիպելով տարբեր ոլորտի մասնագետների, տարբեր քաղաքացիների հետ, ստացել եմ որոշակի աջակցություն և նաև դա է քաջալերել, որպեսզի մտնեմ այս ընտրարշավի մեջ»։

Արդյոք երիտասարդ թեկնածուները պատրաստ են ընտրողների հետ դեմ առ դեմ հանդիպմանը և նախկին իշխանության հասցեին հնչող քննադատությանը հարցին էլ Պողոսյանը պատասխանեց․ - «Միանշանակ պատրաստ եմ, և նաև հաշվի առեք, որ վարկանիշային ընտրակարգի առավելություններից մեկն էլ այն է, որ ես հանդես եմ գալիս առաջին հերթին որպես Կարապետ Պողոսյան, հետո նոր արդեն կուսակցության անդամ»։

Ժողովրդի ճնշման արդյունքում իշխանությունը կորցրած հանրապետականների համար 2017-ին շուրջ 13 հազար քվե ապահոված Շիրակի նախկին մարզպետ, այժմ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը այժմ «Իմ քայլը» դաշինքի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում է: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ինչպես նաև մարզպետարանի մի շարք պաշտոնյաներ ևս ընդգրկված են ռեյտինգային ցուցակում:

«Մրցակցային ցուցակ է լինելու՝ կա արդեն։ Վստահ եմ՝ թեժ մրցակցություն կլինի», - «Իմ քայլը» դաշինքի ցուցակի մասին կարծիք հայտնեց Կարեն Սարուխանյանը։ Հանրապետականի՝ նոր, երիտասարդ դեմքերով ներկայանալու որոշմանը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ մարզպետը արձագանքեց՝ «ժողովուրդը միամիտ չէ»։

Կարեն Սարուխանյանն ասում է՝ նախկին արատավոր երևույթները՝ վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառքը այլևս տեղ չեն ունենալու քաղաքական գործընթացներում: Ի դեպ, մարզպետը քաղաքական ուժերին հորդորեց դեկտեմբերի 7-ին՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը քարոզարշավ չանցկացնել:

«Մեր կոչը, իմ կարծիքով, կտեղափոխվի ոչ միայն Շիրակի մարզում, այլ մարզերում և Երևան քաղաքում կհասնի», - նշեց նա։

Մամուլի որոշ տեղեկությունների համաձայն՝ «Իմ քայլը» դաշինքը հենց Գյումրիից է սկսելու նոյեմբերի 26-ին մեկնարկող քարոզարշավը, այնտեղից, որտեղից Թավշյա հեղափոխության քայլարշավը սկսեց Նիկոլ Փաշինյանը: Մարզպետը ոչ հերքեց, ոչ հաստատեց այդ տեղեկությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG