Մատչելիության հղումներ

«Ամերիկայի ռազմական առավելությունը թուլանում է»․ Կոնգրեսի անկախ հանձնաժողով


ԱՄՆ զինված ուժերի THAAD տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռներ, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ազգային պաշտպանության ռազմավարության հարցերով անկախ հանձնաժողովը հրապարակել է զեկույց, որի համաձայն՝ Ամերիկան աստիճանաբար կորցնում է ռազմական առավելությունը և տեսականորեն կարող է պարտվել Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պատերազմում:

Փորձագետների կարծիքով՝ ռազմական առավելությունն այնքան է խարխլվել, որ հնարավոր հաջորդ խոշոր կոնֆլիկտում կլինեն անընդունելի մեծ կորուստներ:

Հանձնաժողովը հիմնադրվել է 2017 թվականին՝ Կոնգրեսի որոշմամբ: Հանձնաժողովի կազմում 12 անդամներ են՝ հանրապետական և դեմոկրատ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանձնաժողովը նշում է, որ համաձայն է Պենտագոնին լրացուցիչ միլիարդավոր միջոցներ հատկացնելու և զինված ուժերի հզորությունը խթանելու նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը, սակայն անընդունելի է համարում այդ գաղափարի իրագործումը ձգձգելու գործելակերպը, քանի որ այդպես երկրի պաշտպանունակությունը վտանգվում է:

«Միացյալ Նահանգները հատկապես բարդ վիճակում կհայտնվի, եթե ստիպված լինի ներքաշվել միաժամանակ երկու առանձին կոնֆլիկտների մեջ և պայքարել երկու կամ ավելի ռազմաճակատներում», - ենթադրում են զեկույցը կազմած փորձագետներն ու քաղաքական գործիչները:

Նրանց կարծիքով՝ «այն ժամանակ, երբ Ամերիկան դանդաղկոտություն է ցուցաբերում, ավտորիտար մրցակիցներն ու հատկապես Չինաստանը և Ռուսաստանը փորձում են իրենց ազդեցությունը տարածել ամբողջ աշխարհում և ձեռնարկում են համաշխարհային ռազմական տերությունների վերածվելու միջոցներ»:

Զեկույցում ասվում է, որ Իրանը և Հյուսիսային Կորեան շարունակաբար ստեղծում են նոր արդիական զինատեսակներ և հմտությամբ կիրառում են «ասիմետրիկ մարտավարությունը»:

Ըստ զեկույցի՝ «ամերիկյան զինված ուժերի ինքնագոհությունը վնաս է հասցնում ռազմական թիվ մեկ գերտերության կարգավիճակը պահպանելու ջանքերին»:

«Մարդիկ այնքան են վարժվել այն մտքին, որ Ամերիկան աշխարհում միշտ կհասնի ուզածին, այդ թվում՝ ռազմական նպատակներին, որ սկսել են կորցնել զգոնությունը և չնկատել վտանգի նշանները», - ասել է հանձնաժողովի անդամ Քեթլին Հիքսը, ով Բարաք Օբամայի նախագահության օրոք Պենտագոնում է աշխատել:

Ըստ զեկույցի, չնայած այն հանգամանքին, որ Պենտագոնի 716 միլիարդ դոլարի հասնող բյուջեն տասն անգամ գերազանցում է ռուսների և քառակի՝ չինացիների ռազմական բյուջեները, միևնույն է, դա բավական չէ այսօր առկա բոլոր սպառնալիքներից պաշտպանվելու համար:

Հանձնաժողովը համոզված է, որ համաշխարհային ռազմական առավելությունն ապահովելու և հարվածի ենթարկվելու նույնիսկ տեսական վտանգը կանխելու համար Ամերիկան պետք է ավելացնի արդիական սուզանավերի թիվը և հզորացնի ամբողջ ռազմական նավատորմը:

Օդային ուժերին անհրաժեշտ են նոր կործանիչներ և ռմբակոծիչներ: Պենտագոնին պետք են նոր ճշգրիտ հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր:

Զեկույցի հեղինակները Պենտագոնին հորդորում են նաև ավելի մրցունակ լինել կիբերտարածքում, որը կարող է դառնալ հաջորդ պատերազմի ռազմաճակատի մի մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG