Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել են մի դիպուկահարի, որին կասկածում են 2014 թվականին Եվրամայդանի ցույցերի ժամանակ ընդդիմադիրներին գնդակահարելու մեջ՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով քննությանը մոտ կանգնած իր աղբյուրներին: Ըստ գործի նյութերի, դիպուկահարը եղել է Ազգային գվարդիայի հատուկ նշանակության ջոկատի՝ «Օմեգայի» անդամ, սակայն, 2015 թվականին ազատվել է ծառայությունից:
Չորս տարի առաջ, երբ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարվել էր Եվրամիության հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագրից, հազարավոր ցուցարարներ փողոց էին դուրս եկել, իրավապահների հետ բախումներում զոհվել էր ավելի քան 100 ցուցարար: Ամիսներ շարունակված ակցիաներից հետո Վիկտոր Յանուկովիչը ստիպված էր հրաժարական ներկայացնել։ Ենթադրվում է, որ նա այժմ ապաստանել է Ռուսաստանի տարածքում:
Ուկրաինայի քաղաքացիները Ասոցացման համաձայնագրով անցած մայիսին իրավունք ստացան առանց վիզաների մեկնել Եվրամիության երկրներ: