Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» դաշինքը քննարկում է «Նիկոլ, վարչապետ» կարգախոսով հանդես գալու տարբերակը


Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, սեպտեմբեր, 2018թ․
Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, սեպտեմբեր, 2018թ․

Իշխանական «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավի կարգախոսի հարցում դեռ վերջնական որոշում չունի: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի ժխտում՝ «Նիկոլ, վարչապետ» տարբերակն էլ է քննարկվել:

Հակոբյանը ցուցակում 181-րդն է: Նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրն է: Ցուցակի վերջին եռյակում գտնվելը, ասում է՝ պատահական չէ, առաջնահերթությունը հարազատներին չի տրվել, բայց ռեյտինգային ընտրակարգով Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում է առաջադրվել: Արդյոք Փաշինյանի գլխավորած դաշինքից առաջադրվելն արդեն պատգամավոր ընտրվելու երաշխիք չէ, - «Ազատության» այս հարցին Հակոբյանը պատասխանեց․ - «Կապել մենակ, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձր է, և մենակ դրա համար ես պետք է շատ ձայներ հավաքեմ ռեյտինգային կարգով, այդքան էլ արդար չեմ համարում, որովհետև ես աշխատել եմ, ես աշխատում եմ, էնպես որ՝ վստահ եմ, որ ես կունենամ իմ ընտրողներին»:

Հետհեղափոխական դաշինքի թեկնածուների ցուցակը սոցիալական ցանցերում միանշանակ չընդունվեց: Եղան քննադատություններ, թե հեղափոխական չէ: Հրաչյա Հակոբյանն ասում է՝ անսպասելի չէին քննադատությունները, կարևորը՝ ցուցակը քաղաքական է:

«Կարծում եմ՝ ինչ ցուցակ էլ որ հրապարակվեր, միանշանակ չէր ընդունվելու հանրության կողմից, միանշանակ կքննադատվեր սոցիալական ցանցերում, ինչը որ եղավ: Բայց նորից եմ ասում՝ ցուցակը բավականին, այսպես ասած, քաղաքական է և հաջողված ցուցակ է», - ասաց Հակոբյանը:

Նախկին իշխանության՝ Հանրապետական կուսակցության ցուցակի առաջին հնգյակից դուրս է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Փոխարենը երրորդ տեղում է նախկինում ՀՀԿ-ի դեմ պայքարած Դավիթ Շահնազարյանը։

Մշտապես իր անբասիր կենսագրությամբ պարծեցող Շարմազանովին հարցրինք՝ սա նշանակո՞ւմ է, որ կուսակցությունում համարել են, թե իր հեղինակությամբ զիջում է իրենից առաջ գտնվողներին, օրինակ՝ Արմեն Աշոտյանին: «Կուսակցությունը այդպես է որոշել, այդպես են հարմար գտել: Ես առաջ 7 համարն էի, հիմա 6 համարն եմ՝ առաջընթաց է եղել, հետընթաց չի եղել՝ առաջինը, երկրորդը՝ մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ քաղաքական գործիչների արժեքը միայն ցուցակներով տեղ զբաղեցնելով չէ», - պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:

Իսկ եթե մրցակցությունը լինի իր և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի սելֆիի ձողի միջև, արդյոք կպարտվի՞, ինչպես խոստովանել էր իր գաղափարակից Արմեն Աշոտյանը՝ խորհրդարանական բարձր ամբիոնից խոսելով իր և Փաշինյանի մրցակցության արդյունքի մասին: - «Ես կարծում եմ՝ եթե պարտվենք, պարտվելու ենք բոլորս, եթե հաղթենք, հաղթելու ենք բոլորս: Իսկ իմ մասին կխոսենք դեկտեմբերի 10-ին», - հարցին արձագանքեց Շարմազանովը:

ՀՀԿ-ում էլ քարոզչական կարգախոս դեռ չեն ընտրել, Շարմազանովը հորդորում է մի քանի օր սպասել: Առայժմ անփոփոխ է ՀՀԿ-ի՝ հաջորդ խորհրդարանում 2-րդ ուժը դառնալու հավակնությունը:

ՀՀԿ-ի այս ձգտումը անիրագործելի է համարում նույն 2-րդ տեղի համար պայքարող «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը․ - «Որ ուժը կլինի այստեղ ընդդիմություն, նա քաղաքացիների աչքերով պետք է լինի ապագա իշխանություն։ Իսկ Հանրապետական կուսակցությունից մենք, ըստ էության, նոր ենք պրծել կամ նոր ենք պրծնում։ Ո՞նց կարող ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ուզենալ, որ Հանրապետականը լինի ապագա իշխանություն»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեմ են դերաբաշխումներին: Առավելագույնին են ձգտելու․ հակառակը նշանակում է կուսակցության ինքնալուծարում: ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է այսպես կարծում․ - «Ցանկացած կուսակցություն, եթե չունի իշխանություն դառնալու նպատակ, ուրեմն դա պետք է լուծարվի»։

Հայ հեղափոխական դաշնակցությունում կանխատեսումներից խուսափում են: - «Ընտրությունների արդյունքները ցույց կտան Դաշնակցության տեղը խորհրդարանում», - ասում է ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: - «Եթե, ասենք, օրգանիզմ ենք պատկերացնում պետությունը, երևի Դաշնակցությունը այդ պետության օրգանիզմի ողնաշարն է միշտ եղել։ Եթե չընտրվենք, վնաս կստանա մեր ողնաշարը, ես համոզված եմ»։

Ըստ Ռուստամյանի, խորհրդարանում չհայտնվելը չի նվազեցնի 128-ամյա Դաշնակցության դերակատարումն ու կշիռը Հայաստանյան քաղաքական դաշտում:

Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում պայքարելու է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն, 2 դաշինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG