Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը տարեկան մոտ մեկ միլիարդ դոլար է ծախսում «Հըզբոլա»-ին, «Համաս»-ին և Մերձավոր Արևելքում գործող այլ զինված խմբավորումների աջակցելու համար։
Պետդեպարտամենտի հակաահաբեկչական հարցերով համակարգող, դեսպան Նաթան Սեյլսը Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Իրանը տարեկան ծախսում է մոտ 700 միլիոն դոլար լիբանանյան «Հըզբոլա»-ին ֆինանսավորելու համար, որը պատերազմել է Իսրայելի հետ և Սիրիայում աջակցել նախագահ Բաշար ալ-Ասադին՝ սունի ապստամբների դեմ արդեն յոթ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմում:
Բացի այդ, ըստ Սեյլսի, Թեհրանը տարեկան ևս 100 միլիոն դոլար է տրամադրում Գազայի հատվածը վերահսկող «Համաս» զինյալ խմբավորմանը, ինչպես նաև «պաղեստինյան այլ ահաբեկչական խմբերի»:
«Իրանը աշխարհում ահաբեկչությունը ֆինանսավորող թիվ մեկ պետությունն է», - հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնյան, ընդգծելով՝ պաշտոնական Թեհրանն այդ արատավոր ճանապարհից շեղվելու որևէ նշան ցույց չի տալիս, և, ցավոք, դրա դիմաց վճարում է Իրանի ժողովուրդը:
Միացյալ Նահանգները շաբաթներ առաջ նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ամենախիստն են պատմության մեջ: