Մատչելիության հղումներ

Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչությունը Բաքվից կտեղափոխվի Թբիլիսի


Բաքվում Նորվեգիայի դեսպանատունը, նոյեմբեր, 2018թ․
Բաքվում Նորվեգիայի դեսպանատունը, նոյեմբեր, 2018թ․

Թբիլիսիում նորվեգական դեսպանատան բացման մասին որոշումը կայացվել է՝ նախևառաջ ելնելով Վրաստանում առկա ներդրումային մթնոլորտից, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության ասպարեզներում առկա վիճակն ու երկրում բիզնես գործունեություն ծավալելու համար ստեղծված պայմանները հաշվի առնելով: Օսլոյում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ինե Էրիկսեն Սյորեյդեն:

Նորվեգական դեսպանատան բացումը այդպես էլ շարքային որոշում կմնար, եթե չլիներ մեկ շատ կարևոր նրբություն՝ խոսքը իրականում ոչ թե Հարավային Կովկասում սկանդինավյան այս պետության նոր դեսպանատուն բացելու, այլ Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչության՝ Բաքվից Թբիլիսի փաստացի վերատեղակայման մասին է:

Ադրբեջանում Նորվեգիայի Թագավորության դեսպանատունը բացվել է ավելի քան 20 տարի առաջ` 1998 թվականի հունիսին: Պաշտոնական Օսլոյի նման որոշումը պայմանավորված էր նախևառաջ Նորվեգիայի պետական էներգետիկ ընկերության՝ Statoil-ի` Ադրբեջանում ունեցած շահերով: Ընկերությունը 1992 թվականից ի վեր ակտիվ գործունեություն էր ծավալել Ադրբեջանում, ինչի արդյունքում այսօր արդեն նորվեգացիներին է պատկանում «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» նավթահորերի բաժնեմասի 7 և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի բաժնետոմսերի 8 տոկոսը:

Չնայած դրան՝ Նորվեգիայի կառավարությունը որոշեց 2019-ից դադարեցնել Բաքվում իր դեսպանատան աշխատանքը: Հաջորդ տարվանից արդեն Նորվեգիան Հարավային Կովկասում ներկայացված կլինի միայն Թբիլիսիի դեսպանատան միջոցով:

Նման որոշման պատճառներից մեկն այն է, որ նորվեգական խոշոր բիզնեսի ուշադրությունը Հարավային Կովկասում աստիճանաբար Ադրբեջանից դեպի Վրաստան է տեղափոխվում: Մասնավորաբար, վերականգնվող էներգիայի ասպարեզում նորվեգական առաջատար ընկերություններից մեկը` Clean Energy Group-ը, արդեն իսկ մուտք է գործել վրացական շուկա` բավական լուրջ ներդրումներ խոստանալով:

Նորվեգիայի իշխանությունների` դեսպանատան վերատեղակայման մասին որոշումը Բաքվում բավական կոշտ արձագանքի արժանացավ: Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան սկզբում բավական զուսպ էր ` նշելով միայն, որ պաշտոնական Բաքուն իր ափսոսանքն է հայտնում կայացված որոշման առթիվ: Հետագայում, սակայն, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևը հանդես եկավ տրամագծորեն հակառակ պնդմամբ` հայտարարելով, որ Բաքվում նորվեգացիների կայացրած որոշման առթիվ որևէ ափսոսանք չկա:

«Դեսպանատան փակումն այդ երկրի կառավարության անձնական գործն է», - հայտարարեց Հաջիևը՝ միաժամանակ հիշեցնելով, որ պաշտոնական Բաքվի և Նորվեգիայի դեսպանատան հարաբերությունները 2000-ականների առաջին կեսին բավական բարդ էին․ - «Դեսպանի կարգավիճակ ունեցող անձն այն ժամանակ խառնվում էր երկրի ներքին գործերին, երկկողմ հարաբերությունների վրա կենտրոնանալու փոխարեն տարատեսակ հանրահավաքների էր մասնակցում, այլ բնույթի ոչ լեգիտիմ գործունեություն էր ծավալում»:

Դեսպանը, որի մասին խոսում էր ադրբեջանցի պաշտոնյան, Ստեյնար Գիլն էր: Նա թերևս միակն էր Բաքվում հավատարմագրված դեսպաններից, որ 2000-ականների առաջին կեսին հետևողականորեն հանդես էր գալիս մարդու իրավունքների խախտումները բացառելու և քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով: Ավելին, 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Գիլը ընդդիմադիր մի շարք գործիչների և լրագրողների Նորվեգիայի դեսպանատան տարածքում ապաստան էր տրամադրել:

«Կարծում եմ, որ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության որոշումն օրինաչափ էր: Մեզ համար Վրաստանում աշխատելն ավելի հեշտ է, քանի որ այդ երկիրն ակտիվ բարեփոխումների քաղաքականություն է իրականացնում` կիսելով նաև մեր արժեքները: Ադրբեջանի մասին նույնը չես ասի», - երեկ նշել է Բաքվում Նորվեգիայի նախկին դեսպան Ստեյնար Գիլը` պատասխանելով «Թուրան» գործակալության թղթակցի հարցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG