Մատչելիության հղումներ

«Քաղաքացու որոշում» նորաստեղծ կուսակցությունը վերջին պահին որոշեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին


Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերջին պահին՝ երեկ ուշ երեկոյան որոշեց, որ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետն այսօր էր:

Հարցին, թե ինչո՞ւ վերջին պահին որոշումը կայացվեց, ո՞րն է լինելու կուսակցության հիմնական անելիքը, ռեյտինգային ընտրակարգին դեմ արտահայտվող կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը պատասխանեց. - «Օրենքով սահմանված ընթացակարգերի հարց կար, այսինքն, որպեսզի ընտրությունների մասնակցելու պաշտոնական որոշում կայացնես, պետք է գրանցված կուսակցություն լինես։ Մենք պետական գրանցումը ստացել ենք նոյեմբերի 13-ին հետևաբար որոշում կարող ենք կայացնել այդ ժամանակ։ Մեզ համար ռեյտինգային ընտրակարգով թիրախներ չենք սահմանել։ Մեր հիմանական քաղաքական քարոզչությունը լինելու ա համամասնական ընտրակարգի տրամաբանությամբ, թեև ունենք վերպահումներ ոչ լեգիտիմ, կեղծված հանրաքվեով ընդունված Սահմանադրության, դրանից բխող հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպման իրավական ակտերի հետ կապված, մենք մեր նախընտրական ծրագրում այդ վերապահումները կնշենք և մեր պատասխանատվության ձևերն ու սահմանները կհստակեցնենք։ Բայց այդ ամենով հանդերձ մենք որոշում ենք կայացրել մասնակցել»:

Այս կուսակցության անդամների գերակշիռ մասը տարիներ շարունակ մասնակցել են երկրում տեղի ունեցած բողոքի գրեթե բոլոր ակցիաներին, նաև Թավշյա հեղափոխությանը: Նրանցից օրինակ՝ Սուրեն Սահակյանը, կգլխավորի ցուցակը:

«Կան անուններ, որոնք հասարակությանը հայտնի կլինեն։ Առաջին տասնյակից մի քանի անուններ տամ՝ Սուրեն Սահակյան, Արտակ Կիրակոսյան, Ռուզաննա Տոռոզյան, Արեգ Թադևոսյան, Կարեն Հարությունյան, Հայկ Սահակյան», - նշեց Միքայել Նահապետյանը։

Ի տարբերություն նորաստեղծ այս կուսակցության, նախկին խորհրդարաններում ներկայացված ու կրկին երկրում տեղի ունեցած բողոքի գրեթե բոլոր ակցիաներին ու հնարահավաքներին մասնկացած, նաև կազմակերպած կուսակցություններից՝ «Հայ ազգային կոնգրեսն» ու «Ժառանգությունն» այս անգամ չեն մասնակցելու ընտրություններին:

«Հայ ազգային կոնգրեսը» դեռ չի մեկնաբանում որոշումը, իսկ «Ժառանգության» մամուլի խոսնակ Գևորգ Ղահրամանյանը գրավոր պատասխանեց. - «Վարչության և խորհրդի մի քանի քննարկումներից հետո, քվեարկության դրվեց մասնակցության հարցը և ձայների մեծամասնությամբ ընդունվեց չմասնակցելու որոշումը։ Պատճառները մի քանիսն էին, սակայն գլխավորը ռեյտինգային ընտրակարգի պահպանումն էր, որի պարագայում բավականին անհավասար մրցակցություն էր սպասվելու «Ժառանգությանը», որը քաղաքական կուսակցություն է և ակնկալում էր քաղաքական մտքի, խոսքի, ծրագրերի պայքար, այլ ոչ թե տեղերում ռեսուրսի, ԽԾԲ-ի և այլ քաղաքականության հետ կապ չունեցող կոմպոնենտների մրցակցություն։ Այստեղ նաև առաջանում էր ռեսուրսի խնդիր, որն էլ մյուս պատճառն էր չմասնակցելու»:

Ընտրապայքարին չի մասնակցի նաև Սարի թաղի գործով նախկինում դատապարտված Անդրիաս Ղուկասյանի վերջերս հիմնած՝ Հայ կառուցողական կուսակցությունը: Ղուկասյանն ասում է՝ կարող էին արագացնել պետական գրանցման գործընթացը, բայց դա չեն արել, որոհետև նաև կուսակցության անդմները 500-ն են ու պահանջվող թվին՝ 800-ին, չեն ցանկանում արհեստականորեն հասնել: Չմասնակցելու հիմնական պատճառը՝ գործող Ընտրական օրենսգիրքն է

«Չգտանք մենք այնպիսի անհրաժեշտություն մեր մասանկցության այս ընտրություններին, որ արժեր էդ սկզբունքայնությանը մերժել և գնալ պարզապես գրանցման ճանապարհով: Մեր կարծիքով այս ընտրությունները ավարտում են ինչ-որ քաղաքական փուլ, որտեղ պիտի հաստատվի Հանրապետական կուսակցության քաղաքական դաշտից հեռացնելու գործընթացը և այդ հարցում մենք չենք գլխավոր դերակատարը։ Այդ ամբողջ պատասխանատվությունը իր վրա վերցրեց «Քաղաքացիական պայմամանգիրը», « Իմ քայլ» դաշինքը և իրենք պիտի լուծեն էդ խնդիրը», - ընդգծեց Անդրեաս Ղուկասյանը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։

XS
SM
MD
LG