Մատչելիության հղումներ

«Հավատում ենք, որ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կհաստատվի լեգիտիմ, վստահելի կառավարություն». ԵՄ դեսպան


«Ինձ հուսախաբ չանեք, խնդրում եմ», - ասաց Պյոտր Սվիտալսկին։

Եվրոպական միությունը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Շվեդիան մոտ 2 միլիոն 920 հազար եվրո են հատկացրել՝ Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն օժանդակելու նպատակով: Հայաստանի կառավարությունը հատկացրել է 700 հազար դոլար:

Այսօր կառավարությունում՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրեցին «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի մեկնարկը ազդարարող փաստաթուղթ, որի հիման վրա էլ գումարը հատկացվելու է։

Ծրագրի նպատակն է դեկտեմբերի 9-ին ունենալ թափանցիկ, վստահելի, արդար, ազատ ընտրություններ, ստորագրելով փաստաթուղթը՝ հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Վստահ եմ, որ այս բոլոր ջանքերի հիմքում, ոչ միայն զուտ տեխնիկական, աշխատանքային պարտավորություններն են, այլև բոլոր գործընկերների անկեղծ նվիրումը և հավատը Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու գաղափարին։ Ավելորդ է նշել, որ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունները մեր երկրի կայուն զարգացման հիմնաքարն են», - հայտարարեց Միրզոյանը։

Ծրագրի նպատակն է ապահովել 2017 թվականի ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, ապահովել քվեարկության օրը ընտրատեղամասերի և քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը 2000 ընտրատեղամասերից, բարելավել ընտրողների գրանցման գործընթացը և այլն։

«Մի՛ վաճառեք ձեր ձայները, կաշառք մի՛ վերցրեք», - դիմելով հայաստանցիներին՝ ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հորդորելով գալիք ընտրությունները դարձնել Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած լավագույն ընտրությունները, որոնք կարող են օրինակ դառնալ այլ երկրների համար:

«Մենք հավատում ենք, որ նոր Հայաստանում ունենք բոլորովին նոր քաղաքական մթնոլորտ։ Մենք հավատում ենք, որ կառավարությունը և ընտրական գործընթացին մասնակցող մյուս ինստիտուտները ունեն քաղաքական կամք՝ ընտրությունների անցկացման լավագույն չափանիշներն ապահովելու համար։ Սա ինձ թույլ է տալիս լինել շատ լավատես, քանի որ քաղաքական կամքի առկայությունը շատ էական է։ Կարող եք լավագույն Ընտրական օրենսգիրքը, կամ լավագույն տեխնիկական միջոցներն ունենալ, բայց եթե բացակայում է քաղաքական կամքը, գիտեք՝ ինչ է տեղի ունենում։ Այս անգամ, կարծում եմ, կա քաղաքական կամք, իսկ Հայաստանի քաղաքացիները մեծ ակնկալիքներ ունեն։ Կարծում եմ՝ ապրիլ-մայիսին տեղի ունեցածից հետո հայաստանցիներն իսկապես գիտեն ու հասկանում են, թե ընտրություններն որքան կարևոր են երկրի ապագայի համար։ Այնպես որ մենք ևս սպասում ենք այս ընտրություններին, և ինչպես ասել եմ՝ պատրաստվում ենք Հայաստանում կայանալիք լավագույն ընտրություններին, ինձ հուսախաբ չանեք, խնդրում եմ», - ասաց Սվիտալսկին։

Հարցին, թե հնարավո՞ր է դեկտեմբերյան ընտրություններից հետո Եվրամիությունը նոր որակի հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, Սվիտալսկին պատասխանեց. - «Պատրաստակամ ենք Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, և այդ անելու համար գործիք ունենք՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հավատում ենք, որ [գալիք] ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Հայաստանում կհաստատվի կայուն, լեգիտիմ ու վստահելի կառավարություն, որը շատ կարևոր է Եվրամիության հետ երկարատև համագործակցության համար: Շարունակելու ենք մեր սկսած երկխոսությունը Հայաստանի ներկայիս կառավարության հետ այն ուղիների վերաբերյալ, որոնցով Եվրամիությունը կարող է օժանդակել Հայաստանին՝ արդիականացնելու իր տնտեսությունը, քաղաքական, արդարադատության, սոցիալական, կրթական և այլ համակարգերը: Այո՛, այս ընտրությունները կարող են շատ կարևոր կետ լինել, որը կօգնի մեր հարաբերություններն ավելի ամուր դարձնել: Տեղյակ եք՝ Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպանները շատ արդյունավետ հանդիպում են ունեցել վարչապետի պաշտոնակատարի հետ, որի ժամանակ վերահաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ ընտրություններից հետո խորհրդարանում, կառավարությունում նոր քաղաքական մթնոլորտի պարագայում, ավելի ամուր, խորը դարձնել մեր հարաբերությունները: Պետք է նայենք ապագային, երբ խոսում ենք Եվրամիության հետ հարաբերությունների մասին: Ներկայում քննարկում ենք ֆինանսական նոր՝ մի քանի տարի ընդգրկող հայեցակարգ, Եվրամիության նոր մեծ բյուջեն, ուստի սա շատ հարմար պահ է խոսել հավակնոտ ծրագրերի, նախագծերի մասին և ներառել այն Եվրամիության երկարատև ծրագրերում»:

XS
SM
MD
LG