Մատչելիության հղումներ

Դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները այլևս ներգրավված չեն ընտրություններում. Արայիկ Հարությունյան


Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյան, արխիվ

Թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը անցկացնելու 12-օրյա քարոզարշավը, որ սկսվելու է նոյեմբերի 26-ից, կուսակցությունում դեռ չեն բացահայտում, ընտրել են նաև կարգախոս, որ առաջիկայում կհրապարակեն։ Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Եկեք անակնկալ անենք։ Ենթադրում եմ, որ կկարողանանք նորից զարմացնել, բայց միևնույն ժամանակ հավատարիմ կմնանք մեր պայքարի ընթացքում որդեգրած մարտավարությանը։ Այո, կա կարգախոսը, բավականին հաջող է։ Կարգախոսը դեռ չեմ կարող ասել», - նշեց Սիմոնյանը։

Հարցին, թե ինչպես է գնահատում հանրապետականների շանսերը, Սիմոնյանը պատասխանեց՝ յուրաքանչյուր քաղաքացի, որը քվեարկելու է Հանրապետականի, օգտին քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին, իսկ Սերժ Սարգսյանի շանսերը նա համարում է զրոյական։ Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» շանսերին՝ Սիմոնյանն ասաց գնահատում է «բարձր»: ֊ «Ենթադրում եմ, որ մենք առնվազն կկրկնենք քաղաքի ընտրության տվյալները», - հավելեց նա:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ասում է՝ այս քարոզարշավը տարբերվելու է նախորդներից՝ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչներն ընդգրկված չեն լինի գործընթացում, ինչպես նախկինում էր:

«Իհարկե, բազմաթիվ խոչընդոտներ չկան: Քաղաքական թիմերի կողմից տարբեր խմբերի նկատմամբ ճնշումներ չկան։ Ընտրությունները ազատ են, թափանցիկ, որևէ լուրջ գործոն չկա, որը կազդի դրանց արդյունքի վրա։ Դպրոցները ապաքաղաքական են, և ուսուցիչներն ու տնօրենները այլևս պարտավորություն չունեն որևէ կերպ ներգրավվելու ընտրություններին», - նշեց ԿԳ նախարարը։

Հարցին՝ անձամբ նախարարը կարգախոս կունենա, պատասխանեց. - «Հնարավոր է ունենամ։ Անցած տարի միակ մարդն էի, ով դուխով բառը օգտագործել էր կարգախոսի մեջ՝ դուխով ընտրեք «Ելքը»։ Իհարկե դրանից հետո քննադատություններ [եղան]։ Այո, սա շատ լրատվամիջոցներ չգիտեն ու շատերը չգիտեն, բայց քաղաքական առումով, որպես քաղաքական լոզունգ դուխովը առաջինը ես եմ օգտագործել»։

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է արտահերթ ընտրությունները սպասվածից արագ տեղի ունեցան, քարոզարշավն էլ կարճ է, սակայն Հանրապետականն այնուամենայնիվ հույս ունի գաղափարական կառուցողական քարոզարշավի. - «Կառուցողական, գաղափարական, և ժամանակը այնքան կարճ է, որ պետք է գոնե օգտագործենք դա զուտ բանավեճերով, գաղափարական վեճերով, որպեսզի ինչ-որ ձևով կարողանանք ինչ-որ չափով քաղաքական պառլամենտ ձևավորել»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը առաջադրվելու է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում։ Քարոզարշավը անցկացնելու է ոտքով գյուղից գյուղ այցելելով, մանավանդ, որ ասում է՝ մեքենան այդ մարզերի քարուքանդ ճանապարհներով չի կարող անցնել:

«Ես շատ երկար զբաղվել եմ լեռագնացությամբ և ես ունեմ այդ ամբողջ փաթեթը հագուստի, որով ես անցնելու եմ գյուղից գյուղ, որովհետև նաև այդ մարզերում տարիներ շարունակ տենդերներ շահած տարբեր պատգմավորների մեղքով միչև համայնքային ճանապարհները Սյունիքում և Վայոց ձորում ուղղակի կատաստրոֆիկ են», - ընդգծեց պատգամավորը։

«Բարգավաճ Հայաստանն» իր հիմնական կարգախոսները կօգտագործի նաև այս արտահերթ ընտրությունների ժամանակ։

«Որոշեցինք այս անգամ հավատարիմ մնալ մեր այն կարգախոսին, որով «Բարգավաճ Հայաստանը» մուտք գործեց քաղաքականություն, դա «մեր խոսքը գործ է՝ հավատա, վստահիր, պահանջիր», բայց ես նաև առանձին այսպիսի մի մեսիջով կդիմեմ իմ ընտրողներին՝ «միասին կառուցենք մեր նոր Հայաստանը»։ Իսկապես սա նոր Հայաստան է, նոր խաղի կանոններ են», - մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը։

Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն ասում է Դաշնակցությունը կարգախոսի մի քանի տարբերակ է քննարկում:

«Կային մի քանի տարբերակներ։ Օրինակ ինձ շատ դուր եկավ «մենք քո Դաշնակցությունն ենք»։ Բայց դեռ վերջնական չենք որոշել», - ասացՌուզան Առաքելյանը։

Հարցին, թե իր կարծիքով Դաշնակցությունն արդյոք բավականաչափվարկանիշ ունի հաղթահարելու ընտրությունները, պատասխանեց. - «Հանրության մեջ, այո, ունենք և եթե չունենայինք մենք մշտապես չէինք լինի խորհրդարանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG