Մատչելիության հղումներ

Թեհրանում կայացել է Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազների հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ գլխավոր դատախազության
Լուսանկարը՝ ՀՀ գլխավոր դատախազության

Աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին այսօր ընդունել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին:

Հայաստանի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Մոնթազերին նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև ջերմ, բարեկամական հարաբերությունները փոխադարձ վստահության այնպիսի միջավայր են ստեղծում, որը թույլ է տալիս առկա իրավապայմանագրային բազայի հենքի վրա անկեղծ երկխոսության մթնոլորտում քննարկել դատախազությունների միջև գործակցությունը խորացնելու հեռանկարները, իրավական փոխօգնության ոլորտում, հանցավորության դեմ համատեղ պայքարում առաջացող աշխատանքային խնդիրների լուծման կառուցակարգերն ու միջոցները:

Դավթյանը համոզվածություն է հայտնել, որ հանդիպումը երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության նոր փուլի մեկնարկ կդառնա և կնպաստի երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Քննարկվել են ինչպես հարևան երկրների դատախազական համակարգերի միջև գործակցության հեռանկարներին, այնպես էլ իրավական փոխօգնության ձևավորված աշխատանքային պրակտիկայի բարելավմանն ուղղված կոնկրետ հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել է Հայաստանում կամ Իրանում քննվող քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող՝ մյուս երկրի քաղաքացի հանդիսացող անձանց իրենց երկրում գտնվելու դեպքում տեսաձայնային և տեխնիկական սարքավորումների միջոցով հարցաքննելու տեխնիկական հնարավորությունների ստեղծման հեռանկարը, ինչը կնպաստի իրավասու մարմինների կողմից քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելուն, ինչպես նաև երկու պետությունների քաղաքացիներին հնարավորություն կտա
դատավարական կարգավիճակ ունենալու դեպքում առանց տեղափոխման հետ կապված
ավելորդ անհարմարությունների արդյունավետ իրացնել իրենց իրավունքներն ու
պարտականությունները:

Գլխավոր դատախազները քննարկել են նաև քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդությունների կատարման ժամկետները հնարավորինս օպտիմալացնելու հարցը: Նշվել է, որ չնայած Սանկտ Պետերբուրգում կայացած ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպումից հետո այս բնագավառում արձանագրվել է դրական տեղաշարժ, սակայն առկա է այն ավելի արագացնելու անհրաժեշտություն:

Քննարկված հարցերի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ:

Արթուր Դավթյանը և Մոհամադ Ջաֆար Մոնթազերին ստորագրել են Հայաստանի և Իրանի գլխավոր դատախազությունների միջև 2019-2020 թվականների համագործակցության ծրագիր, որով նախատեսվում է մի քանի համատեղ միջոցառումներ անցկացնել Երևանում և Թեհրանում: Դրանք վերաբերում են հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հարցերին, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի
սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղություններով գործակցությանը և աշխատանքային փորձի փոխանակմանը:

Արթուր Դավթյանը Մոհամադ Ջաֆար Մոնթազերիին հրավիրել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG