Մատչելիության հղումներ

«Քաղաքացու որոշում»-ը «հակված է» մասնակցել ընտրություններին


«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական նորաստեղծ կուսակցությունը «հակված է մասնակցել» դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասացին կուսակցության գործադիր մարմնի անդամներ Կարեն Հարությունյանն ու Սուրեն Սահակյանը։

«Դեռ պետք է որոշում կայացվի՝ ընտրություններին մասնակցո՞ւմ ենք, թե՞՝ ոչ։ Գործադիր մարմնի նիստում կորոշվի այդ հարցը։ Մեզ այսօր գրանցել են, և այսօր պատրաստվում ենք վերջնական որոշում ընդունել այդ հարցի վերաբերյալ։ Բայց ընդհանուր մենք նախապատրաստվել ենք՝ նկատի ունենք, որ գրանցվել ենք ու գնալու ենք։ Հաշվի առնելով բոլոր հանգամանքները, կտեսնենք՝ մասնակցո՞ւմ ենք, թե՞ ոնց ենք անում», - ասաց Կարեն Հարությունյանը։

Օգտատերերից մեկի հարցին, թե ունե՞ն ուժեղ ռեյտինգային ցուցակներ մարզերի համար, և ի՞նչ ակնկալիքներ ունեն այս ընտրություններից, Հարությունյանը պատասխանեց. - «Հարցը դա է, թե ինչո՞ւ մենք պետք է նորից գայինք դրան, որ պետք է գտնենք ուժեղ ռեյտինգային թեկնածուներ, որպեսզի մասնակցենք ընտրություններին, մենք այդ տրամաբանությունն արդեն իսկ չենք ընդունում»։

Սուրեն Սահակյանը հավելեց՝ թաղային հեղինակություններ, «ձայն բերողներ»՝ այդ ճանապարհով իրենք չեն գնացել։

«Ռեյտինգային ուժեղ ցուցակ ունե՞նք, թե՞՝ ոչ, ենթադրում եմ, որ այդ ասողը ենթադրում է, որ թաղային հեղինակություններ, «ձայն բերողներ»... ո՛չ, մենք չենք գնացել այդ ճանապարհով։ Մեր ռեյտինգային թեկնածուն կարող է լինել քաղաքացի, որը ոչ մի բանով աչքի չի ընկնում։ Մենք հատուկ նենց բան ենք արել, դեռ կորոշվի էդ՝ մասնակցելո՞ւ ենք, էդ ցանկը հրապարակելո՞ւ ենք, թե՞՝ ոչ, վերջում ընդհանրապես ով ժամանակ է ունեցել գնա, տեղեկանք վերցնի, որ չորս տարուց երկու տարին բան ա, ներառել ենք, և դա պատասխանն է ռեյտինգային ընտրակարգին ընդհանրապես։ Շատ ծիծաղելու ընտրակարգ է, հանրային հարաբերություններում էդպիսի բան չեն անում, շատերը շատ լուրջ են վերաբերվում դրան՝ փող են առաջարկում, փող են ակնկալում, չգիտեմ ինչ են անում, շատ ծիծաղելի է այդ ձև քաղաքականությունը», - ասաց Սահակյանը։

Հարցին, թե իրենք անձամբ իրենց տեսնո՞ւմ են խորհրդարանում, Սահակյանը պատասխանեց. - «Այո, ես ինձ տեսնում եմ խորհրդարանում»։

Կարեն Հարությունյանն էլ նշեց. - «Ես ինձ տեսնում եմ, բայց ես նաև ունեմ աշխատանք ու ես երկմտանքի առաջ եմ, բայց կուսակցությունը, ես տեսնում եմ, ու դրա համար էլ ստեղծում ենք, որպեսզի գնանք քաղաքական աշխատանքով զբաղվենք, բայց ոչ միայն սահմանափակվենք խորհրդարանում, բայց նաև այդ կարևոր քաղաքական տեղն օգտագործենք»։

Մեկ այլ հարցի, թե իրենց խիստ ձախեր համարո՞ւմ են, Սուրեն Սահակյանը պատասխանեց. - «Նախ ես ասեմ, որ իմ տեսնելը ես ինքնանպատակ չեմ համարում, երկրորդը՝ իմ, Կարենի և էլի մարդիկ կան, որոնց միջև հաճախ բանավեճ է լինում, թե մենք ձա՞խ ենք, թե՞՝ չէ, էլ ես չեմ խոսում խիստ ձախականության մասին»։

«Ես ինձ համարում եմ ձախ։ Խիստ՝ չէ, որովհետև, եթե տեսականորեն նայեմ, կարող եմ շատ բաների մասին խոսել, բայց եթե մենք խոսում ենք այսօրվա իրավիճակից, պետք է ադեկվատ լինենք ու հասկանանք, թե ինչ է այսօր հնարավոր, մենք ինչում ենք գտնվում, ու ըստ դրա հասկանանք, թե ոնց ենք քաղաքականությանը մասնակցում, թե չէ միայն խոսելը շատ քիչ է», - ասաց Կարեն Հարությունյանը։

Այսօր ժամը 18-ին լրանում է ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:

Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Ընտրությունները դեկտեմբերի 9-ին են։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG