Աշխարհի չեմպիոն 21-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանը պատմում է՝ Սիմոնը 9 տարի է, ինչ զբաղվում է ծանրամարտով և այդ ողջ ընթացքում մարզվում է վթարային, տարրական պայմաններ չունեցող շենքում։ Ծանրաձողերը, որոնցով մարզվում է աշխարհի չեմպիոնը, արտադրվել են 80-ականներին։
Մյուս մարզիչը՝ Նարեկ Խաչատրյանը, ասում է՝ օրեր առաջ մարզման ընթացքում ծանրաձողերից մեկը կոտրվել է՝ շատ հին էր:
«Ուշադրություն չկա, ոչ մեկի պետքը չի, ուզում ես տասը հոգի չեմպիոն տուր, էլի նույն պայմանն է: Բան չի փոխվելու, ես հույս չունեմ, որ մի լավ բան պիտի սպասեմ, օրինակ՝ ծանրաձող բերեն տան։ Մի օր էլ էս շենքը կփլվի գլխներիս», - հավելում է Աշոտ Փիլոսյանը։
Ավելի քան 10 տարի գործող մարզադահլիճում մինչև վերջերս անգամ ջուր չի եղել:
«Պայմաններից ենք մենք մի քիչ նեղվում։ Բայց մի վայրկյան անգամ մեզ մոտ մարզումների ընթացքը չի դադարեցվել, չի կանգնեցվել մինչև վերջ մենք մեր գործն ենք անում, մեր երեխաներն էլ մեծ սիրով գալիս են, նամանավանդ՝ Սիմոնին տեսնելով», - պատմում է Նարեկ Խաչատրյանը:
Մարզիչները նշում են՝ վերջերս 2 օդափոխիչ են գնել, այն էլ իրենց սեփական միջոցներով։
Ձմռան շեմին հրատապ է դառնում ջեռուցման խնդիրը: Անմխիթար վիճակում են հանդերձարանը, իսկ լոգարանը ցույց տալով՝ մարզիչներն ասում են՝ «բաղնիքի համար նախատեսված սենյակ է»։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ մարզադպրոցների վերանորոգման ծրագրեր կան, սակայն առաջիկա տարում Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոցը դրանցում ընդգրկված չէ: