Մատչելիության հղումներ

«Այստեղ եմ, որպեսզի օրինականությունը պահեմ»․ Մարության


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զրուցում է լրագրողների հետ, 13-ը նոյեմբերի, 2018թ․

Երբ չափն անցնում են, ստացվում է այն, ինչ եղավ երեկ Գյուրջյան 1/3 հասցեում, ասում է Երևանի գլխավոր ճարտարապետը: Արթուր Մեսչյանի խոսքով՝ իրեն չի երջանկացնում այն փաստը, որ էսքկավատորով քանդում են պատերը, բայց օրենքին չենթարկվողները պետք է պատժվեն։

Խոսելով ապօրինի շինարարություններից ու դրանց դեմ պայքարի մեթոդներից՝ Արթուր Մեսչյանը նկատեց՝ այդ սեփականատերերն անտեսել են բոլոր զգուշացումներն ու հորդորները: - «Ես ուզում եմ մենք ճշտգրիտ հասկանանք․ երբ ասվում է, որ ապօրինի շինարարությանը վերջ՝ դա հեռուստատեսային ծրագիր չի, դա շոու չի։ Ամեն մի ասած նախադասություն ունի որոշակի պատասխանատվություն։ Մի արեք», - ասաց գլխավոր ճարտարապետը։

Երեկ վաղ առավոտյան քաղաքապետարանն ապամոտնաժեց առանց թույլտվության կառուցված հազար 100 քմ մակերեսով շենքի մի հատվածը՝ 160 քմ մետրը, որը պաշտոնյաների պնդմամբ՝ համայնքային սեփականության վրա էր գտնվում։ Իրավիճակը լարվեց ու սեփականատերերը փորձեցին կանգնեցնել ապամոնտաժումը՝ քաղաքային իշխանությանը մեղադրելով անօրինական քայլերի մեջ։ Գլխավոր ճարտարապետը, մինչդեռ, պնդում է՝ իրենք գործել են օրենքի սահմանում։ Հետաքրքրվում ենք՝ այդ դեպքում ով է մեղավորը, որ գործը հասնում է էքսկավատորին։

«Կատարվում էր ամենախայտառակը, որ այն մարդիկ, ովքեր պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չկատարվի քաջալերում էին և գնում էին ապօրինի շինարարության։ Ե՛վ ոստիկանուրյունը, և՛ թաղաղապետերը, թաղապետարանները, բոլորը մեղավոր են նրա համար, ինչ պրոբլեմների արջև այսօր կանգնած են Երևանի բնակիչները։ Քաղաքացիների մեղքը երևի մի 20 տոկոսն է, մնացած 80-ը նրանք են, ովքեր պատասխանատու են ապօրինի շինարարության համար», - նշեց Մեսչյանը։

Քաղաքապետարանի գործողությունները իրավաչափ է որակում նաև Կամո Արեյանը։ Փոխքաղաքապետից խորհրդական դարձած պաշտոնյան ասում է՝ օրինական կառուցապատողների համար որևէ խոչընդոտ չկա, իսկ իրավազանցների պատիժը խիստ է լինելու։ Կամո Արեյանին, սակայն հիշեցնում ենք՝ Գյուրջան 1/3 հասցեի սեփականատերերը առանց թույլտվության շինարարությունը սկսել էին դեռ նախորդ իշխանության օրոք։ Նա արձագանքում է․ -
«Հիմա խնդիրը դրված է շատ հստակ՝ գիծ քաշել»:

Հարցին՝ նախկինում այդ գիծը հստակ դրված չի՞ եղել, Արեյանը պատասխանեց. - «Հստակ եղել է, էլի եղել են մարդիկ, որոնք սողոսկել, անցել են։ Միշտ էլ այդ երևույթը եղել է քաղաքում, բայց պետք է մեկ անգամ դրսևորել հստակ վճռականություն և կամք, բացառել երևույթը քաղաքում»։

Քաղաքային իշխանության փոփոխությունից հետո սա առաջին դեպքը չէ, որ ապօրինի կառուցված շինություն է քանդվում, բայց առաջինն է, որ նման հնչեղություն ստացավ։ Քաղաքապետ Մարությանը, խոսելով երեկվա դեպքից, զգուշացրեց՝ եթե ինչ-որ մեկն առանց թույլտվության որոշի շինարարություն անել՝ կարժանանա նույն ճակատագրին։

«Ես մեկ անգամ ասել էի, զգուշացրել էի, որ այսուհետ ապօրինի շինարարություն չի լինելու, և մարդիկ կարծես թե լուրջ չեն վերաբերվում դրան։ Իրենց թվում էր, թե սա ասեցինք, ինչպես նախկինում ասվում էր՝ ուղղակի ասելու համար։ Ոչ, սա շատ լուրջ է, և մենք այս գիծը պահելու ենք, և ես այստեղ եմ, որպեսզի օրինականությունը պահեմ, ես այստեղ եմ, որպեսզի ներկայացնեմ մեր բնակիչներին և մեր համայնքի շահերը պաշտպանեմ։ Դա ես անելու եմ օր ու գիշեր, այնպես որ՝ այստեղ շեղումներ չեն լինելու», - ասաց Մարությանը

Ինչ վերաբերում է, այն ապօրինի կառույցներին, որոնց շինարարությունն ավարտված է՝ պատասխանատուներն ասում են՝ օրինականացման գործընթացը չի վերանալու, բայց յուրաքանչյուր դեպք դիտարկվելու է առանձին։

«Մեկ առ մեկ դիատրկվելու են բոլոր շինությունները և որոշումը կայացվելու է մեկ առ մեկ։ Սա շատ կարևոր է», - ընդգծեց քաղաքապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG