Մատչելիության հղումներ

Նախագահը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Dassault Systemes ընկերությունում, լուսանկարը՝ նախագահականի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Dassault Systemes ընկերությունում, լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ և քննարկել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես այցելել է հանրահայտ «Դասո սիստեմս» (Dassault Systemes) ընկերություն, ծանոթացել ընթացիկ ծրագրերին և գործունեությանը։ Ընկերության ղեկավարության հետ Արմեն Սարգսյանին կապում են վաղեմի ու ջերմ բարեկամական հարաբերությունները, ասված է հաղորդագրությունում:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա սկզբին խումբ գործուղել Հայաստան` համագործակցության հստակ ծրագիր քննարկելու նպատակով։

«Դասո սիստեմս»-ը գործում է Dassault Group խոշոր ֆրանսիական ընկերության կազմում: Այն ծրագրային ապահովում է տրամադրում ռազմաարդյունաբերական ոլորտի համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:

Արմեն Սարգսյանը հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Քննարկվել են հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին և ներդրումներին վերաբերող հարցեր։

THALES Group ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

Նախագահ Արմեն Սարգսյանի և OpenClassrooms կազմակերպության հիմնադիր Պիեռ Դուբուքի հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում ձեռնարկության մասնաճյուղ բացելու վերաբերյալ։

OpenClassrooms-ը կրթական առցանց հարթակ է, որը դասընթացներ է տրամադրում տեղեկատվական տեխնոլոգիաների, ձեռնարկատիրության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում: Այն ողջ աշխարհում ունի 2.5 միլիոն օգտատեր, դասավանդումներն իրականացվում են անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն: Ընկերության նպատակը կրթության հասանելիության ապահովումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG