Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կընդլայնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ


Միացյալ Նահանգներն ընդլայնելու է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ` կապված Ուկրաինայում իրավիճակի հետ, քանի դեռ Ռուսաստանը չի կատարել Մինսկի համաձայնագիրը։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Մենք շարունակելու ենք նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, քանի դեռ Մոսկվան ամբողջովին չի կատարել իր պարտականությունները Մինսկի համաձայնագրերով, քանի դեռ Ղրիմը չի վերադարձել Ուկրաինայի վերահսկողության տակ», - ասված է Դոնբասում կիրակի օրը անցկացված ընտրությունների կապակցությամբ Պետդեպարտամենտի հաղորդագրությունում։

Ինչպես եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները դատապարտում է «կեղծ ընտրությունները» Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում՝ Ուկրաինայի արևելքում։ Այդ ընտրությունները, նշված է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում, հակասում են Մինսկի համաձայնագրերին և Մոսկվայի փորձերն են՝ Դոնբասում հաստատելու իր կողմից վերահսկվող մարդկանց իշխանությունը։

Կրեմլը նույնպես մեկնաբանել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում անցկացված ընտրությունները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ Դոնբասի չճանաչված հանրապետությունները ստիպված են ինքնակազմակերպվել այն պայմաններում, երբ Ուկրաինան իրենց մերժում է։ Ըստ Պեսկովի, Մոսկվան այդ չճանաչված հանրապետությունների իշխանությունների վրա ազդելու հնարավորություն չունի, քանի դեռ նրանք ինքնուրույն են: Սակայն Կրեմլի խոսնակը նաև հավելել է, թե Վլադիմիր Պուտինը երբեք չի թաքցրել, որ ունի Դոնբասի իշխանություններին կոչով դիմելու հնարավորություն:

Ուկրաինայի հարցով անցած շաբաթ Վաշինգտոնը արդեն ընդլայնել էր իր պատժամիջոցների ցուցակը: «Սև ցուցակը» համալրել են երեք ֆիզիկական և ինը իրավաբանական անձինք:

Մոսկվային առաջիկայում սպառնում է նաև Սկրիպալների գործով ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փաթեթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG