Մատչելիության հղումներ

«Արտակ Զեյնալյանը միանշանակ գերադասելու է պատգամավորի աթոռը». Արամ Սարգսյան


«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քաղաքական դաշտի առաջատարներից է, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Մենք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե «Ազատ դեմոկրատներ»-ը «քաղաքական դաշտի առաջատարներից չեն, անցած տարի իրենք միայնակ մասնակցեցին ընտրություններին և նույնիսկ մեկ տոկոս ձայն չհավաքեցին»։

«Բայց «Ազատ դեմոկրատներ»-ը քաղաքական դաշտի առաջատարներից է՝ արևմտյան արժեքներն ի սկզբանե մինչև վերջ ազնվորեն պահելով։ Սա փոքր հանգամանք չի, և ինձ համար, որպես քաղաքականության մեջ եղած մարդու համար, գերկարևոր հանգամանք է», - ասաց Սարգսյանը՝ նշելով, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդ ընտրություններից։

«Նախորդ ընտրություններում մենք գնում էինք հանրության մոտ, ասում էինք՝ «իշխանությունները վատն են, գողանում են, թալանում են»։ Էս ընտրություններում այդպես չի լինելու, չես կարող այդպես։ Էս իշխանությունը չի գողանում, չի թալանում, էս իշխանությանը, եթե ասես վատն են, ասելու է՝ «վատը դու ես, որովհետև ինքը լավն է, ինքը փոփոխություն է բերել», հետևաբար էս ընտրության ժամանակ դու պետք է ասես, թե դու քո գաղափարներով ինչով ես տարբերվում գործող իշխանությունից, և որն է քո առաջարկությունը, որի պարագայում էս իշխանությունը, որը, բնականաբար, իշխանության է գալու հեղափոխությունից հետո, եթե էդ ճանապարհով գնա, ավելի հաջողված կլինի։ Իսկ էս առումով «Ազատ դեմոկրատներ»-ի էդ մոտեցումը համընկնում է մեր կուսակցության՝ «Հանրապետություն» կուսակցության մոտեցման հետ», - ասաց Արամ Սարգսյանը։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ ասաց, որ ինքը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով։

«Ընդհանրապես միշտ այսպես եմ անում՝ երբ որ ցուցակներն ամբողջությամբ կազմվում, ավարտվում են, նայում եմ, տեսնում եմ, թե որ տեղն է, որտեղ բաց ունենք, որտեղ պակասող ինչ-որ բան կա, որտեղ որևէ մեկը չի ուզել գնալ, ես ասում եմ՝ «իմ անունը գրեք այդտեղ»։ Որովհետև քվեարկության ժամանակ 10 քվեն էլ, 100 քվեն էլ, 300 քվեն էլ քվե է, և եթե ես կարողանում եմ իմ թիմին էդ պահին 10 քվեով էլ օգնել, ես դա անելու եմ», - ասաց Սարգսյանը։

Հարցին, թե Արտակ Զեյնալյանը կլինի՞ իրենց ցուցակում, Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Արտակ Զեյնալյանը միանշանակ առաջադրվելու է»։

Ճշտող հարցին, թե նրան հե՞տ են կանչելու նախարարի պաշտոնից, Սարգսյանը պատասխանեց. - «Թող ինքը որոշի, որովհետև ինքը կառավարության կազմում է, էդտեղ էլ որոշակի ընկերություն է առաջանում, երբ որ թիմ է, աշխատում ես, էս 6 ամսվա կառավարությունը, որ աշխատել է, որոշակի թիմային մոտեցումներ կան։ Կա երկրորդ հանգամանքը նաև՝ Նիկոլ Փաշինյան և Արտակ Զեյնալյան փոխհարաբերությունները. եթե էդ չի խանգարելու Նիկոլ Փաշինյանին՝ Արտակ Զեյնալյանի այդ դուրս գալը և այլն... թող իրենք իրար մեջ որոշեն։ Արտակի ցանկացած որոշում՝ մնալը, թե դուրս գալը, մեր թիմի համար միանշանակ ընդունելի կլինի»։

Արմեն Սարգսյանն այնուամենայնիվ ընդգծեց՝ Արտակ Զեյնալյանն իր էությամբ ավելի շատ պատգամավոր է, քան՝ նախարար։ Սարգսյանի համոզմամբ՝ Զեյնալյանը գերադասելու է պատգամավորի աթոռը։

«Տա Աստված, որ անցնենք, տա Աստված, որ մեր ժողովուրդը գնահատի մեզ ու մեզ համապատասխան քվե տա, իսկ Արտակ Զեյնալյանն իր էությամբ շատ ավելի շատ պատգամավոր է, քան՝ նախարար։ Ես համոզված եմ, որ ինքը միանշանակ գերադասելու է պատգամավորի աթոռը, քան՝ նախարարի, և քաղաքագիտական առումով էլ միանշանակ Արտակ Զեյնալյանը կնախընտրի էս պարագայում, երբ որ մենք արդեն որպես ընդդիմություն ենք հանդես գալու գաղափարական էս հենքի վրա, լինի մեզ հետ՝ իրար կողքի նստած նույն նստարանին Ազգային ժողովում», - ասաց Սարգսյանը։

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հայտարարել են, որ միասին են մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Երկու ուժերի ղեկավարները՝ Արամ Սարգսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, հուշագիր ստորագրեցին, դաշինքն էլ անվանեցին՝ «Մենք»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG