Մատչելիության հղումներ

Մենք գնում ենք ձևավորելու չվայրահաչող, չհայհոյող ընդդիմություն․ Վահրամ Բաղդասարյան


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

Ժողովրդի ճնշմամբ յոթ ամիս առաջ իշխանությունը լքած հանրապետականները դեկտեմբերի 9-ին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին ընդառաջ խոստովանում են՝ իրենց սխալներն ու բացթողումները ընդունել են:

«Ինձ թվում է, որ ավելի լավ է ընդունել սխալը, քան սխալը չընդունելով սկսել պաշտպանվել: Դա շատ վտանգավոր քայլ է: Մենք սխալները ընդունելով պետք է գնանք, որպեսզի չկրկնվի այդ սխալները, իսկ արդեն իսկ այդ սխալները նույնպես կրկնվում են: Մենք հենց դրա համար ենք կոչված․ ասում ենք՝ ունենք այս բացթողումները, ունենք այդ դանդաղումները, որի պատճառով այսօր այս իրավիճակը ստեղծվեց: Բայց այն մնացած ամեն ինչը, ինչ խոստումներ տվել են հրապարակում, որպեսզի գան իշխանության, պետք է լինի, մենք այդ խոստումները ոչ թե այս պահին չենք տեսնում դրանց իրականացումը, այլ նաև ապագայում: Որովհետև դա անհնարին բաներ են», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Սպասվող խորհրդարանական ընտրություններում ընդդիմության առաջատար տեղի համար պայքարող Հանրապետական կուսակցությունը քարոզարշավը կկառուցի հետհեղափոխական կառավարության ամիսների աշխատանքի բացթողումներն ու սխալները քննադատելու վրա: Իսկ ինչ են պատասխանելու, եթե քաղաքացիներն իրենցից բացատրություն պահանջեն ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի տասնամյա իշխանության ընթացքում ահագնացած կոռուպցիայի, գործազրկության, արտագաղթի, մենաշնորհների և պաշտոնյաների կուտակած հարստության մասին․ Վահրամ Բաղդասարյանը պատասխանում է․ - «Ներողություն: Մենք չենք գնում ժողովրդից հայցելու աթոռ կամ ծառայողական մեքենա: Այս էյֆորիայի շրջանում մենք գնում ենք ծանր գործի: Մենք գնում ենք ընդդիմության կերպարը ձևավորելու և որպես ընդդիմություն հանդես գալու, և այս իշխանության բոլոր դրական քայլերը նկատելով, ի տարբերություն նախորդ ընդդիմությունների, լինելու չվայրահաչող, չհայհոյող ընդդիմություն, որը դրականը պետք է նկատի, իսկ սխալները ընդունի»:

Քաղաքացիների վստահության քվեին կփորձեն արժանանալ հրապարակային հարթակներից հերքելով ՀՀԿ-ին ուղղված մեղադրանքները, որոնք, ըստ Բաղդասարյանի էյֆորիայի մեջ գտնվող հանրության համար ճիշտ այդպես էլ ընկալվում էին:

«Այն հանիրավի մեղադրանքները, որը կա, մենք պետք է հերքենք այդ մեղադրանքների արդյունքները, որովհետև էյֆորիայի տակ ցանկացած մեղադրանք ընկալում էր հանրությունը՝ դրա իսկությունը ի նկատի չունենալով: Ես երեսուն տարի գտնվել եմ այս պրոցեսների մեջ, երեսուն տարվա ընթացքում այն հանիրավի մեղադրանքները, որոնք որ տրվել են, կամ ես չեմ դրանցից տեղյակ եղել, ինչը որ վերաբերվում է մեզ, կամ պետք է դրանց հերքումները տրվի», - հայտարարեց Բաղդասարյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արդեն ձևակերպել է ՀՀԿ-ին ընտրելու պատճառը՝ միաժամանակ վստահ լինելով, որ հանրության 80 տոկոսը քվեն վստահելու է Նիկոլ Փաշինյանի գլխավորած թիմին:

«Եթե մեր երկիրը, իսկ մեր երկիրը ունի պահանջ այլընտրանքի, հավասարակշռության, փորձի, եթե մեր երկիրը չի ուզում ամեն անգամ իր տունը կառուցելուց քանդի մինչև ֆունդամենտ և ասի, որ ես նորից եմ կառուցում, եթե մեր երկիրը՝ ի դեմս իշխանությունների, կարծում է, որ պետությունը շարունակական գործըթաց է, ոչ թե բուլդոզերը ամեն անգամ բերել, քարը քարին չթողել և նորը կառուցել է, մենք երբեք էդ շենքը չենք ունենալու: Որովհետև առնվազն մեր պատությունը տասը տարին մեկ վկայում է այն մասին, որ գալիս են իշխանություններ, որոնք փորձում են սաղ արմատախիլ անել, քանդել, վերացնել: Մենք այդպիսի տրամաբանություն, հոգեբանություն չունենք: Թող ութսուն տոկոսը ընտրի Նիկոլ Փաշինյանին, թող մնացած քսան տոկոսը մտածի, թե ինչպես է բաշխելու իր ձայնը», - հայտարարել է Արմեն Աշոտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG