Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյան․ Այս ընտրությունների ենթավերնագիրը լինելու է «ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հեռացումը»


«Քաղաքացիական պայմանագրում» անհավանական են համարում, որ նախկին իշխող ուժը՝ Հանրապետականը դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններից հետո հայտնվի խորհրդարանում:

Ավելին, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ, պատգամավոր Ալեն Սիմոնյանը հորդորում է հանրապետականներին ընդհանրապես հրաժարվել ընտրություններին մասնակցելու գաղափարից:

Հակադարձելով Հանրապետականի նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե իրենք միակ ընդդիմադիր ուժն են, և Փաշինյանը պետք է շահագրգռված լինի իրենց ներկայությամբ խորհրդարանում, ինչի համար էլ պետք է քվեարկի հոգուտ Հանրապետականի՝ Սիմոնյանը նշում է, որ ընդդիմություն լինելու համար թե՛ Վիգեն Սարգսյանը և թե՛ ՀՀԿ-ն պետք է կապ ունենաՆ ժողովրդի հետ, ինչը գոյություն չունի․ - «Ես պնդում եմ, որ Հանրապետական կուսակցության թե՛ ղեկավարը, թե՛ առաջին համարը․․․ ղեկավար ասելով Սերժ Սարգսյանին նկատի ունեմ․ հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանը չի հեռացել և դեռ գլխավորում է Հայաստան Հանրապետական կուսակցությանը․․․ իրենք չեն ճանաչում Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Եվ չճանաչելով, չիմանալով այդ մարդկանց ցավերը, էլ չեմ ասում, որ նաև հաճախ պատճառը հանդիսանալով այդ մարդկանց ցավերի և խնդիրների՝ նրանք ուղղակի չեն կարող ինձ համար որպես ընդդիմություն ընկալվել: Նրանք ընկալվում են իմ համար որպես ռևանշիստների մի խումբ»:

«Ազատություն»․ - Հանրապետական գնում է խորհրդարանում երկրորդ տեղը վերցնելուն: Դուք դա ռեալ համարո՞ւմ եք:

Սիմոնյան․ - Ոչ, իհարկե ռեալ չեմ համարում: Ես ընդհանրապես ռեալ չեմ համարում Հանրապետականի ներկայությունը Ազգային ժողովում: Իրենք արդեն ներկա եղել են, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեսել է, թե ինչ է լինում, երբ իրենք մասնակցում են Հայաստանի Հանրապետության կառավարմանը: Անձամբ ես մեծ կասկածներ ունեմ, որ կհայտնվեն իրենք․․․․ Այս ընտրությունները ունենալու են ենթավերնագիր, և այդ ենթավերնագիրը լինելու է ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հեռացումը»:

«Քաղաքացիական պայամանգրից» մեկ այլ պատգամավոր՝ Հրաչ Հակոբյանը նույնպես բացառում է, որ Հանրապետականին հաջողվի հաղթահարել անցողիկ շեմը և հայտնվել խորհրդարանը: Հակադարձելով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն պնդմանը, թե ՀՀԿ-ն միակ ընդդմիությունն է՝ Հակոբյանը շեշտում է, որ ընդդիմություն կարող է լինել «Լուսավոր Հայաստանը», «Մենք» դաշինքը, բայց այդ հարցը որոշելու է ժողովուրդը՝ ընտրության միջոցով:

«Ելք» դաշիքնի պատգամավորը նաև հեգնեց՝ ասելով, թե վստահ է, որ հանրապետականները ընտրությունների օրը քվեարկելու են հենց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքի օգտին:

«Ազատություն»․ - Կասկածելի՞ եք համարում, որ Հանրապետականը կհայտնվի խորհրդարանում, անգամ ագամ անցողիկության շեմը չի կարող հաղթահարել:

Հակոբյան․ - Բնականաբար: Եթե ռեբրենդինգ անեին, եթե էդ ՀՀԿ հապավումը իրանցից պոկեին, որ դաջված չլիներ իրենց վրա՝ ՀՀԿ, միգուցե․․․ էնտեղ կան պատգամավորներ, որ արժեր, որ լինեին խորհրդարանում և միգուցե հայտնվեին խորհրդարանում: Բայց «ՀՀԿ» անվան տակ՝ բացառում եմ: Իրենք, երբ որ գտնվեն քվեախցում, իրենց իրենց չեն ընտրի և կընտրեն «Իմ քայլը» դաշինքին․․․ Սա հորդոր չի, սա իմ կարծիքն ա, դա էդպես կլինի որոշ հանրապետականների դեպքում»:

Նշենք, որ երեկ Հանրապետական կուսակցությունը խորհրդի նիստից հետո հայտարարության նախագիծ է հրապարկել, որտեղ անդրադառնալով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ սուր քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը: Մասնավորապես, ըստ ՀՀԿ-ի, խոստացված տնտեսական թռիչք փոխարեն ունենք գնաճ, արտասահմանյան ներդրումների կրճատում, տնտեսավարողների նկատմամբ դրսևորվում է թշնամական վերաբերմունք, գործարարները դիտվում են որպես հանցագործներ, կոռուպցիայի դեմ պայքարը վերածվում է ընտրովի արդարադատության, քաղաքական հաշվեհարդարների և այլն:

Մինչդեռ Հրաչ Հակոբյանը հակադարձում է՝ իրենք դեռևս մաքրում են Հանրապետականի՝ տասնամյակներով կուտակած աղբը․ - «Մենք դաշտն ենք մաքրում՝ էդ գործարարները երբ որ դիտվում են որպես հանցագործներ կամ ինչ-ինչ․․․ մենք դեռ իրենց քսան տարվա աղբը փորձում ենք մի հատ հասկանալ դա ինչ է․ սա դնում ենք իր տեղը, սա ասում ենք ինչի՞ ա, օրինակ, ատամի խոզանակը կոշիկի խոզանակի հետ դրել Հանրապետականը քսան տարի շարունակ: Բերեք մի հատ տարանջատենք մեկը մյուսից»:

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանից», հակադարձելով Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, թե այսօր երկրի միակ ընդդմիությունը Հանրապետականն է, նշում են՝ ռեալպոլիտիկը չի որոշովում հայտարարություններով:

Կուսակցության խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը թերահավատ է Հանրապետականի հավակնությունների նկատմամբ․ - «Ես էդքան մեծ կարծիքի չէի լինի Հանրապետական կուսակցության՝ ակտուալ բևեռ դառնալու հավակնությունների մասին: Ռեալպոլիտիկը չի որոշովում հայտարարություններով, ցանկություններով, մտադրություններով և նման էկզոտիկ հայտարարություններով՝ որ Նիկոլ Փաշինյանը կքվեարկի Հանրապետական կուսակցության օգտին: Ռեալպոլիտիկը որոշվում է կոնկրետ ընտրողի քվեարկության արդյուքնում: Հիմա ես չեմ սիրում քաղաքականությունը վերածել նոստրադամուսյան կանխագուշակումների կամ սուրճի բաժակի, որ հիմա մենք միասին սուրճի մրուրի հետագծով նայենք՝ ով կլինի, ինչ կլինի, քանի ուժ կլինի խորհրդարանում: Իրական պոլիտիկը որոշվելու է ընտրության արդյունքում»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG