Մատչելիության հղումներ

Բացահայտվել է թրաֆիքինգի դեպք․ հնդիկ ռեստորանատերն ազգակիցներին շահագործել է


Armenia -- Trafficking banner by Armenian Police, 12Nov2018
Armenia -- Trafficking banner by Armenian Police, 12Nov2018

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրավապահները թրաֆիքինգի դեպք են բացահայտել․ պարզվել է, որ մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալը, որը ազգությամբ հնդիկ է, աշխատանքային շահագործման է ենթարկում ռեստորանի՝ նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, պարզելով, որ ռեստորանի սեփականատերը ներկայումս Հայաստանում չէ, ոստիկանները ռեստորանի չորս աշխատակիցների հրավիրել են գլխավոր վարչություն և պարզել, որ ռեստորանի վարձակալը նրանց վստահությունը չարաշահել է՝ բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու կեղծ խոստում տալով։ Մասնավորապես, նրանց Հնդկաստանում հավաքագրել ու կազմակերպել է տեղափոխումը Հայաստան։ Այստեղ, բռնություն գործադրելով, վերցրել է նրանց անձնագրերը և օգտագործել վիճակի խոցելիությունը։ Այս հանգամանքը պայամանավորված է եղել ճանապարհածախսի վճարմամբ առաջացած ուռճացված պարտքով, ինչպես և լեզվին չտիրապետելու, տարածքին ծանոթ չլինելու իրողությամբ։ Այսպիսով, հնդիկ ռեստորանատերը ազգակիցներին ստիպել է առանց վարձատրության իր ռեստորանում կատարել տարբեր աշխատանքներ՝ նրանց ենթարկելով աշխատանքային շահագործման։

Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG