Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին


Ֆրանսիա - Ելիսեյան պալատ

Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:

Միջոցառումներին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նախքան միջոցառումները ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը նամակ էր հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին, որով իր դժգոհությունն էր հայտնել Էրդողանին հրավերելու կապակցությամբ։

Կազմակերպությունը նշել էր՝ «անցյալի տխուր փորձառություններից դաս քաղելու փիլիսոփայությամբ կազմակերպվող նման հավաքի ոգուն հակադիր է Թուրքիայի ներկայությունը, որը շարունակում է ուրանալ Թուրքիայում մեկուկես միլիոն հայերի կյանք խլած ցեղասպանությունը, մանավանդ որ այն կատարվել է հենց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում»։

Միջոցառումներին Թուրքիայի նախագահին չհրավիրելու պահանջով հանդես էին եկել նաև մի շարք պատգամավորներ, 65 անհատներ, որոնք համատեղ հայտարարություն էին տարածել, որը հրապարակվել էր ֆրանսիական Le Monde օրաթերթում։

Ֆրանսիայում նախագահ էմանյուել Մակրոնի նախաձեռնությամբ այսօր աշխարհի շուրջ վեց տասնյակ երկրների առաջնորդներ հարգանքի տուրք են մատուցել առաջին աշխարհամարտի միլիոնավոր զոհերի հիշատակին:

«Մենք պետք է կարողանանք մեր երեխաներին փոխանցել այն խաղաղությունը, որի մասին նախորդ սերունդներն են երազել», - իր ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ դիմելով աշխարհի առաջնորդներին՝ կոչ արել «միասին պայքարել հանուն խաղաղության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG