Վաշինգտոնը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել ղարաբաղյան խնդրի շուրջ լարվածության թուլացման ջանքերը և հասարակություններին պատրաստել խաղաղության, այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար Գրեգորի Մաքրիսի՝ կառույցի մշտական խորհրդին ուղղված նամակում:
«Ղարաբաղյան խնդիրը արդեն շատ երկար է ձգվում, և հիմա եկել է ժամանակը, որ կողմերը զերծ մնան փոխադարձ մեղադրանքներից և իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության: Վաշինգտոնը ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ու արտգործնախարարների միջև հաստատված վերջին կառուցողական շփումներով», - հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը:
«Կողմերը պետք է օգտվեն ստեղծված հնարավորությունից և ուղիներ գտնեն՝ կարգավորումն առաջ տանելու համար», - ընդգծել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարը՝ հավելելով․ - «Մինսկի խմբի համանախագահները մի շարք քայլեր են առաջարկել, որոնք կողմերը կարող են ձեռնարկել՝ լարվածությունը հետագայում ևս նվազեցնելու և շփումները բարելավելու համար»:
«Միացյալ Նահանգները աջակցում է միջնորդների այդ խորհուրդներին, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչի լիազորություններն ընդարձակելու ու շփման գծում հրադադարի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմների ստեղծման առաջարկներին, և կարծում, որ արտգործնախարարների հանդիպումը կարող է նոր թափ հաղորդել այս քայլերի իրագործմանը», - ասված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի նամակում:
«Միացյալ Նահանգները վճռական են շարունակել համագործակցությունը կողմերի հետ՝ հակամարտության կայուն ու խաղաղ կարգավորումը գտնելու համար, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա», - ընդգծել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: