Մատչելիության հղումներ

Հարկային չարաշահումներ «Յանս»-ում, պատճառված վնասը կազմում է ավելի քան 1 միլիարդ դրամ․ ՔԿ


Armenia -- Logo of Yans club in Yerevan, 23Jun2018

Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կնոջը պատկանող «Սելենա» ընկերությունում արձանագրվել են հարկային չարաշահումներ։ Խոսքը վերաբերում է ընկերությանը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրին՝ պատճառված վնասը կազմում է ավելի քան 1 միլիարդ դրամ։

Քննչական կոմիտեն նշում է, որ հարկերը չվճարելու նպատակով «Սելենա» ընկերությունը գործել է՝ «Արտոնագրային վճարների մասին» օրենքով այն դեպքում, երբ չի համապատասխանել այդ օրենքի պահանջներին։ 2014 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի մայիսը ներառյալ ընկերության կողմից հանրային սննդի սպասարկման մակերեսի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվել են սխալ տվյալներ։ Ըստ այդմ, ընկերությունը ներկայացրել է ավելի քիչ մակերես շահագործելու մասին տվյալներ և խախտել օրենքը։ 2014 թվականի շահութահարկի վերաբերյալ սխալ տվյալներ է ներկայացրել, իսկ 2015-2017 թվականների համար շահութահարկ չի ներկայացրել։ 2014-2018 թվականների համար էլ ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ է ցույց տվել, ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Քրեական գործը հարուցվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ։

Վաչագան Ղազարյանը և նրա կինը՝ Ռուզաննա Բեգլարյանը, անցնում են այլ քրեական գործով ևս։ Վաչագան Ղազարյանի նկատմամբ ամռանը մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան և ազատ արձակվել 1 միլիարդ դրամ գրավի դիմաց։ Նույն արարքի համար մեղադրանք է առաջադրվել նաև Ռուզանան Բեգլարյանին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Այսօր մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Գլխավոր դատախազությունում՝ Հայաստանից 250 միլիոն դրամի ոսկի, արծաթ և պղինձ արդյունահանվելու դեպքի առիթով, ընդ որում, այդ ամենը տեղի է ունեցել պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում՝ խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները։

Ըստ դատախազության, տարիներ առաջ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձիք խախտել են օրենքն ու Հայաստանի Հանրապետության անունից ինչ-որ ընկերության հետ կնքել են հանքարդյունաբերման լիցենզիայի պայմանագիր: Նշված ընկերության հանքավայրի շահագործման իրավունքը դադարեցվել է` ընդերքօգտագործման պայմանագրային պարտավորությունները և օրենսդրության պահանջները խախտելու պատճառաբանությամբ։ Այնուհետև, ըստ դատախազության, 2012թ. նոյեմբերին նույն հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման իրավունքը տրամադրել են մեկ այլ ընկերության։

«Կատարված ստուգումները ցույց են տվել, որ ընկերությունը արդյունահանած հանքաքարի իրական ծավալը չի արտացոլել իր հաշվետվություններում և էական վնաս է պատճառվել ընդերքին», - մանրամասնում է դատախազությունը:

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ խոսքը վերաբերում է Ազատակի ոսկու հանքավայրին, որը շահագործում է «Վայք գոլդ» ընկերությունը։ Գրիգորյանը աբսուրդ է գնահատում կատարվածը:

«Երևույթը հանքարդյունաբերության ոլորտում բարձիթողի վիճակով է պայմանավորված, որ նախկինում եղել է։ Հիմա դրա հետևանքներն են, պարզապես հիմա մենք այլ կերպ ենք վարվում։ Մենք, կարելի է ասել, սկանավորում ենք բոլոր հանքավայրերը իրենց բոլոր հնարավոր իրավախախտումներով՝ և՛ շրջակա միջավայրի մասով, և՛ ընդերքի մասով։ Դրա համար էլ առաջանում են այնպիսի իրավիճակներ, որ տուգանքներն են մեծ լինում։ Խոսքը ոչ միայն հանքավայրերի մասին ա, առհասարակ, տնտեսվարող սուբյեկտների, որոնք արտանետումներով են աշխատում կամ գուցե շրջակա միջավայրի աղտոտմամբ», - ասաց Արթուր Գրիգորյանը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, որ նախորդ իշխանությունների օրոք ակտիվ բնապահպան էր, ասում է՝ բնության պաշարը դժվար գողացվեր ցածր մակարդակի իշխանավորների միջամտությամբ։

«Ցանկացած պարագայում, եթե էդ քանակությամբ բնական պաշար է գողացվել, դա ես կարծում եմ, դժվար թե հնարավոր լիներ ցածր մակարդակի պաշտոնյաների կողմից անել։ Ամեն դեպքում սա ուղղակի կարծիք է, քննությունը կբացահայտի», - նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը։

Բնապահպան Հակոբ Սանասարյան էլ հավելում է՝ հատկապես 2004-ից սկսած հանքարդյունաբերության ոլորտում կողոպուտ էր տիրում՝ ընդ որում՝ ղեկավար անձանց իմացությամբ։

«Հանքարդյունաբերությունը կոռուպցիոն կծիկ է, համակարգ Հայաստանում երկար, տասնայակ տարիներ, ավելի շուտ 4 թվից հետո», - ասաց բնապահպանը։

Քրեական գործը հարուցվել է Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG