Մատչելիության հղումներ

Երկու օրենքների՝ երկրի նախագահի ներկայացրած դիմումում նշված դրույթները հակասահմանադրական են ճանաչվել


Սահմանադրական դատարանը համաձայնել է ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման ժամկետների վերաբերյալ նախագահ Արմեն Սարգսյանի հարցադրումներին: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Նախագահը ՍԴ էր դիմել հունիսի 6-ին՝ «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքների՝ Սահմանադրական դատարանի թեկնածուի առաջադրման ու ընտրության կարգավորումը նախատեսող որոշ հոդվածների` Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: «Թեև 1995 թվականից ի վեր Հանրապետության նախագահն օժտված է եղել oրենքի սահմանադրականության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու լիազորությամբ, սակայն գործնականում այս լիազորությունն առաջին անգամ իրացվեց հունիսի 6-ին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից՝ դրանով իսկ ներմուծելով որակապես նոր իրավական մշակույթ», - ընդգծում է նախագահի գրասենյակը:

Սահմանադրական դատարանը նոյեմբերի 6-ի որոշմամբ վերոնշյալ օրենքների` երկրի նախագահի ներկայացրած դիմումում նշված դրույթները ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Միևնույն ժամանակ, ՍԴ-ը Սահմանադրությանը հակասող նորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել է 2019 թվականի ապրիլի 1-ը՝ Ազգային ժողովին հնարավորություն տալով սահմանադրական օրենքների խնդրահարույց իրավակարգավորումները համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

«Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ արտահայտած դիրքորոշմամբ համաձայնել է Հանրապետության նախագահի հիմնական հարցադրումների հետ՝ արձանագրելով, որ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետ սահմանելիս օրենսդրի կողմից պետք է ամրագրվի թեկնածուների առաջադրման ողջամիտ ժամկետ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման սահմանադրական լիազորության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով», - ասված է Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG