Միացյալ Նահանգների մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Նյու Յորքի Times Square հրապարակում, ակցիաներ են անցկացվել ի պաշտպանություն հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի, ով ուսումնասիրում է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության մեղադրանքները:
Ցուցարարները հայտարարել են, որ պաշտպանում են իրավապահ ու քննչական մարմինների անկախությունը, իշխանությունների հաշվետու լինելու օրենքներն ու ինստիտուտները:
Միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո, որոնց արդյունքում դեմոկրատները Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ստացան, նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ արեց գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզին՝ նրա փոխարեն նշանակելով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մեթյու Ուիթաքերին: Վերջինս նախագահի սերտ աջակիցներից է և միշտ պնդել է, թե 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Թրամփի թիմի ու ռուսների միջև դավադրության որևէ փաստ չկա:
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին աջակցություն հայտնող ակցիայի մասնակիցները մտահոգված են, որ նոր գլխավոր դատախազը կարող է վերահսկել Մյուլերի գործունեությունը, ինչը պաշտոնանկ արված Ջեֆ Սեշընզը հրաժարվել էր անել: