Աստանայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է քաղաքական իրավիճակին՝ ասելով, որ 1998 թվականից հետո հայաստանյան քաղաքական համակարգը քայքայել է կեղծ ընդդիմության ստեղծումը և իրենք այդ ճանապարհով չեն գնալու։
«Հայաստանում երկար ժամանակ չկար ժողովրդի մանդատն ունեցող իշխանություն և ընդդիմություն, դրա համար Հայաստանում ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում: Մենք արհեստական ընդդիմություն չենք ստեղծելու, որովհետև ընդդիմությունը պետք է ինքն իրեն ստեղծի: Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի` ով է իշխանություն և ով` ընդդիմություն», - ասել է Փաշինյանը։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի նկատում է՝ կեղծ ընդդիմություններ պետք են միայն կեղծ իշխանություններին, իսկ Հայաստանում առայժմ նման վտանգ չկա, ավելին իրական պայքարը ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր դաշտում է։ Սահմանադրության պահանջն է, խորհրդարանի 1/3-ը պետք է լինի ընդդիմություն:
«Եվ շատ հարմար է այդ 30 տոկոսանոց տորթից բաժին ունենալը, դրա համար էլ անգամ այն ուժերը, որոնք ակնհայտորեն բոլոր հարցերում համաձայնում են իշխանությունների հետ, էս հարցում ասում են մենք ընդդիմադիր ենք, անպայման։ Այսինքն փաստաթղթերով ուզում են ընդդիմադիր լինեն», - նշեց քաղաքագետը։
Թիվ մեկ ընդդիմադիրի պայքարում քաղաքագետների գնահատմամբ թույլ են ՀՀԿ-ի դիրքերը, որը վերջին օրերին կեղծ ընդդիմություն լինելու մեջ մեղադրում է ընտրություններին մասնակցել պատրաստվող մյուս ուժերին։ Նիկոլ Փաշինյանին քաղաքական դաշտը սև ու սպիտակի բաժանելու մեջ մեղադրող Հանրապետականը, այսօր, ըստ էության, վերահաստատում է այդ պնդումը՝ հավակնելով լինել միակ սև խաղացողը նշում է Արմեն Բաղդասարյանը։
«Եթե ՀՀԿ-ն լինի այդ ընդդիմություը, դա իսկապես լինելու է կեղծ ընդդիմություն, որովհետև այնտեղ ընդգրկված են լինելու հիմնականում կասկածելի անցյալ ուեցող ռեյտիգային թեկնածուներ կամ քաղաքական գործիչներ, որոնց վրա իշխանությունները ցանկության դեպքում կարող են ազդեցության ուժեղ լծակներ ունենալ։ Հանրապետականը ընդդիմություն է ինքն իր իշխանազուրկ կարգավիճակին, այսինքն ընդդիմություն են այնքանով, ինչքանով զրկվել են իշխանւթյունից», - հավելեց քաղաքագետը։
Երկրորդ տեղի հավակնությամբ ընտրությունների է գնում նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը ևս վերջին օրերին անմասն չի մնացել կեղծ ընդդիմություն լինելու մեղադրանքներից։
«Այս ամիսներին, այո, քննադատական խոսք շատ քիչ ենք ասել, բայց դա եղել է ըմբռնումով մոտենալու արդյունք, որովհետև մենք գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ։ Այս պարագայում, նույնիսկ պարոն Փաշինյանին, եթե նման բան ասվի մեր մասին, ծիծաղը կգա», - ասա կուսակցության վարչության անդամ Գևորգ Գորգիսյանը։
Հանրապետականը միայն այդպես է աշխատել և չի պատկերացնում, ինչպես կարելի է գնալ ընտրությունների առանց սեփական ընդդիմության, պնդում է «Լուսավոր Հայաստանի» անդամ Գևորգ Գորգիսյանը: Չնայած ընդդիմադիր կեցվածքին «Լուսավոր Հայաստանը» չի բացառում կոալիցիա կազմելու հավանականությունը։
«Կոալիցիա կազմելը կլինի մի պարագայում, եթե Հանրապետականն ու Բարգավաճը հանկարծ այնքան ձայն հավաքեն, որ հեղափոխությունը վտանգի տակ լինի։ Եթե նման իրավիճակ ստեղծվի, այսինքն ընտրություններից հետո այդ ամենի ինչը կքննարկվի», - ընդգծեց կուսակցության անդամը։
ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի համար անընդունելի է, երբ քաղաքական գործիչները մինչ ընտրությունները դերաբաշխում են կատարել առաջին տեղ, երկորդ տեղ... այս ամենը պետք է որոշի քաղաքացին, ասում է Պետրոսյանը, Իսկ ԲՀԿ-ն միայնակ, թե դաշինքով կգնա ընտրությունների՝ կուսակցության ներսում դեռ չգիտեն։ Մի բան հստակ է՝ նրանց հիմնական մրցակիցը «Իմ Քայլը» դաշինքն է։
«Այս պահի դրությամբ առավել հզոր մրցակից է թվում «Իմ քայլը» դաշինքը, քանի որ վերջին շրջանում, դուք գիտեք, որ իրենց գլխավորությամբ տեղի ունցավ քաղաքական հեղափոխությունը, բայց դա դեռ մնացել է իր կես ճանապարհին», - նշեց ԲՀԿ անդանը։
Իսկ թե 1998-ից հետո, որ կուսակցություններն են եղել քաղաքական դաշտի կեղծ ընդդիմությունները, Գևորգ Պետրոսյանը ասել չի կարող։ Ավելին՝ կարծում է այդ հստակեցումը պետք է մտցնի հայտարարության հեղինակը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Եթե որևէ պաշտոնյա, այդ թվում Նիկոլ Փաշինյանը ունի կոնկրետ մեղադրանք, ինքը կարող է կոնկրետ մեղադրանքը հնչեցնել կոնկրետ անձի հասցեին, բայց ասել, հայտարարություն, որը ընդհանրական բնույթ ունի, մենք չպետք ա մեզ նույնացնենք այդ հայտարարության սուբյեկտների կամ օբյեկտների հետ», - ասաց Պետրոսյանը։